Saturday, January 10, 2009

«7-ի գործով» դատական նիստը հետաձգվեց չորրորդ անգամ

«Ազատություն»- 9.1.2009- Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր արդեն չորրորդ անգամ հետաձգեց «7-ի գործով» դատական նիստը: Իր որոշումը նա կրկին պատճառաբանեց այն հանգամանքով, որ մեղադրյալները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի հանդեպ: Այսօր նույնպես «Ոտքի՛, դատարանն է գալիս» կոչին մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ մեղադրվող 7 ընդդիմադիր գործիչները որեւէ կերպ չարձագանքեցին: Այդ իրավիճակն այսօր կրկնվեց երկու անգամ: Առաջին անգամ, երբ 7 մեղադրյալները ոտքի չկանգնեցին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանդուրժեց այդ փաստը եւ նույնիսկ ընդդիմադիր գործիչներին թույլ տվեց հայտարարություններ անել: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, շարունակելով նստած մնալ իր տեղում, դատավորին առաջարկեց ինքնաբացարկ հայտարարել: «Ես ասում եմ` ինքնահրկիզման ձեւով ինքնաբացարկ տվեք, դա գուցե ռադիկալ, բայց ինքնաբացարկի ձեւ է, որ նախադեպ ունի մեր հայաստանյան դատական պրոցեսներից: Քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատավորը ինքնաբացարկ է հայտարարել ծառից ընկնելու միջոցով: Դա` ձեւ է ինքնաբացարկի», - հայտարարեց Արզումանյանը` հավելելով. - «Եթե գլխավոր դատախազն իր ողջ աշխատակազմով ծառ է տնկում, ուրեմն պետք է լինեն դատավորներ, որ ընկնեն այդ ծառերից»: «Մեր իրավունքներն էլ չեք պարզաբանել, ո՞վ է մեզ ասել, որ ոտքի պետք է կանգնել», - պնդեց նախկին արտգործնախարարը: Դատավորը պարզաբանեց. - «Մեկ անգամ եւս տեղեկացնում եմ, որ դատական նիստը սկսելու պահին ոտքի չկանգնելու հանգամանքը անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է եւ զրկում է դատարանին դատական նիստը սկսելու հնարավորությունից»: Արզումանյանը եւս մեկ հայտարարությամբ հանդես եկավ, որն այս անգամ վերաբերում էր լրագրողներին: Այսօր նույնպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտրվեց մտնել դատարանի դահլիճ, այլ ուղեկցեցին դատարանի շենքի երկրորդ հարկում առանձնացված մի սենյակ, որտեղ միայն հատուկ էկրանների միջոցով էր հնարավոր հետեւել դատավարության ընթացքին: Այն լրագրողներին, ովքեր ցանկություն էին հայտնում մտնել դատարանի դահլիճ, թույլ էր տրվում միայն նստել` առանց լուսանկարելու կամ ձայնագրելու հնարավորության: Ալեքսանդր Արզումանյանը բողոքեց, թե լրագրողներին դատարանի դահլիճից հեռացնելու մասին դատավորը որոշում չի կայացրել` ինչու լրագրողները, իրենց գործով դատավարության առաջին նիստից հետո, զրկվեցին դատարանի դահլիճում աշխատելու հնարավորությունից: «Դուք ինձ տվեք հստակ պատասխան` ո՞վ է փոխել դատարանի որոշումը երկու նիստերի արանքում», - հարցրեց Արզումանյանը: Նախկին արտգործնախարարը նաեւ «պրովոկացիա» որակեց այն հանգամանքը, որ բացի որոշ հայտնի մարդկանցից` Մարդու իրավունքների պաշտպան, դիտորդներ, դատարանի դահլիճում ըստ Արզումանյանի` «ինչ-որ սափրագլուխներ, ոստիկանության ներկայացուցիչներ» են գալիս նստում: «Հո պարի պետականի ներկայացումը չի, որ տոմսեր եք բաժանում», - ասաց Արզումանյանը, - «պահանջում ենք անմիջապես դատավարության հետ կապ չունեցող մարդկանց դուրս հրավիրել»: Ի պատասխան` դատավորը ասաց, որ նախորդ նիստի ժամանակ դատավարության մասնակիցներին արդեն տեղեկացրել է լրագրողների համար առանձին սենյակ հատկացնելու մասին: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը բավական կոպիտ եւ վիրավորական արտահայտություններով դիմեց իր գործընկեր պատգամավորներին, կոչ անելով գալ եւ նայել, թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում: Դատավորը փորձեց կանխել Հակոբ Հակոբյանի` վիրավորական արտահայտություններ պարունակող հայտարարության շարունակումը, ինչը մեծ աղմուկի առիթ դարձավ, եւ Մնացական Մարտիրոսյանը ստիպված եղավ նիստն ընդմիջել` նշելով, որ դատական նիստը կշարունակվի 30 րոպեից եւ պահանջելով, որ իր գալուց հետո 7 մեղադրյալները պատշաճ կարգով ոտքի կանգնեն: Նիստը շարունակվեց մեկ ժամից` 30 րոպե ուշացումով, եւ երբ դատավորը դահլիճ մտավ, պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը հայրենասիրական երգեր էին երգում դատարանի դահլիճում: Դատավորի մուտքն ազդարարող կոչից հետո 7 մեղադրյալները կրկին ոտքի չկանգնեցին: Մնացական Մարտիրոսյանը 7 ընդդիմադիր գործիչներին հեռացրեց դատարանի դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ, այնուհետեւ դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 13-ը: Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքներ են առաջադրվել: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ: Աստղիկ Բեդեւյան

No comments: