«Ազգ» 24.1.2009- Հանրապետության նախագահի կարեւոր շեշտադրումներից մեկը սփյուռքի ներուժի հայտնաբերումն ու օգտագործումն է Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փոխանցմամբ, այդ առումով այս տարի Հայաստանում կգումարվեն համահայկական երեք մասնագիտական համաժողովներ, որոնցից առաջինը տեղի կունենա ապրիլին: Իսկ երեկ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հետ համատեղ նախարարությունը կազմակերպել էր դասախոսությունՙ «Սփյուռքի ներուժի օգտագործումը Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով» թեմայով:
«Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ համահայկական համաժողովները կազմակերպելուց բացի, պետք է ստեղծել համահայկական ցանց: Եվ այդ ցանցի միջոցով սփյուռքը պետք է կապել հայրենիքին` մասնագիտական աշխատանքը ավելի հզորացնելու եւ եղած նորույթները Հայաստանում կիրառելու համար», լրագրողներին ասաց Հ. Հակոբյանը:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մասնագետ Գոհար Գյուլումյանը, որը կրթվել է ԱՄՆ-ում, հետազոտել է հայկական սփյուռքի ներուժի հայտնաբերումը եւ օգտագործումը Հայաստանի տնտեսության համար:
«Մենք տեսնում ենք, որ սփյուռքի հետ համագործակցությունն այսուհետեւ պետք է բարեգործական ուղղությունից տեղափոխվի դեպի բիզնես համագործակցության ոլորտ: Հայաստանը խնդիր ունի միջազգային տնտեսությանն ինտեգրվելու եւ շուկաներ դուրս գալու համար. գլոբալ ճգնաժամի պայմաններում պետք է օգտվել տրված հնարավորությունից եւ պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանել` այդ շուկաների վերակենդանացման ժամանակ մեր տեղը ունենալ եւ մուտք գործել այդ շուկաներ», ընդգծեց Գյուլումյանը:
Հրանուշ Հակոբյանն իր հերթին նկատում է, որ սփյուռքում գտնվող 7 միլիոն հայի հետ այդքան էլ հեշտ չէ աշխատելը. «Ընկերական, հայրենասիրական մղումներից ելնելով` պետք է ժամանակ, գիտելիքներ, կարողություններ ներդնել հայրենիքի զարգացման համար. մարդն ինքը պետք է կարողանա գտնել իր հնարավորությունները»:
Սփյուռքի նախարարի խոսքերով` այսօր իրենք սփյուռքի առաջ խնդիրներ են դնում. «Թե որքանո՞վ սփյուռքը կարձագանքի` սա արդեն սփյուռքի խնդիրն է: Մենք նրան պարտադրել չենք կարող: Մենք հայտարարում ենք, որ համագործակցում ենք սփյուռքի հետ, բայց չենք կառավարում»:
Monday, January 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment