Հունվարի 27-ին, դատելով նաեւ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի երեւանյան վերջին հանդիպումների ուղղվածությունից, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, այնուամենայնիվ, քննարկման կդրվի Հայաստանի պատվիրակությանն այդ կառույցում ձայնից զրկելու առաջարկությունը։ Դրա հետ կապված առանձնապես երկու հիմնական հարց է առաջանում. ինչու՞, այնուամենայնիվ, առաջացավ այս վիճակը, երկրորդ՝ ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանին ԵԽ-ում ձայնից զրկելը մեզ համար։
1. Առաջին հարցի հետ կապված ամենախորքային պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունը, որը գործնականում չի փոխվել այդ կառույցին Հայաստանի անդամակցությունից՝ 2001թ.-ից հետո, առայսօր այդպես էլ չկարողացավ իր համար հստակեցնել ԵԽ-ի դերը։ Այսօր արդեն կարելի է եզրակացնել, որ անգամ ԵԽ-ին անդամակցելու պահին ո՛չ իշխպանությունը, ո՛չ էլ հասարակությունը չէին գիտակցում, թե ինչպիսի պարտավորություններ են վերցնում իրենց վրա, առավելեւս չէին հասկանում՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ իր վրա վերցնելու այդ բեռը։ Այս խնդրին երկիրը պարբերաբար բախվում էր թե՛ մահապատժի վերացման, թե՛ խղճի ու դավանանքի ազատության ապահովման, թե այլ հարցերի հետ կապված։
Սակայն 2008 թ. մարտի 1-ից հետո ստեղծված վիճակը վերջնականապես բյուրեղացրեց այդ ներքին դիմադրությունը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ անլուրջ, տնավարի մոտեցում ցուցաբերելու վարքագիծը։ Այդ էր պատճառը, որ թե՛ 1906, եւ թե՛ 1920 բանաձեւերի ընդունումից հետո եւ անգամ սանկցիաներ կիրառեու առաջարկության ի հայտ գալուց հետո ոչ ոք չի հավատում, թե Հայաստանի նկատմամբ կարող են սանկցիաներ կիրառվել։
2. Իհարկե, ԵԽ-ն էլ նպաստել էր նման պատկերացումների ձեւավորմանը՝ գրեթե մշտապես երկակի ստանդարտներ կիրառելով հայաստանյան եւ ընդհանրապես տարածաշրջանային բոլոր խնդիրների նկատմամբ։ Թե՛ 2003, 2004 թթ. եւ թե՛ դրանից հետո տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ ցուցաբերած երկակի հակասական մոտեցումն իշխանությունների մոտ ձեւավորել է այն վստահությունը, թե ԵԽ-ի հետ միշտ էլ կարելի է լեզու գտնել։ Եվ այդ վստահությունը իշխանությունը չի ուզում կորցնել մինչեւ վերջին, այսինքն` քվեարկության պահը։
3. Իշխանությունը վախեցավ զիջումների գնալու կամք դրսեւորել` ելնելով այն մտավախությունից, թե հանրության եւ ընդդիմության մոտ պարտվողի կարգավիճակում կհայտնվի եւ դրանով քարտ բլանշ կտա ընդդիմությանը։ Խնդիր դրեց իրական պրոբլեմները կոնսերվացնել բարեփոխումների իմիտացիա անելու միջոցով` հույսը դնելով այն բանի վրա, որ հնարավոր կլինի այդ կերպ չեզոքացնել հասարակության մեջ ձեւավորված բեւեռացումը, նրան կրկին մղել իներտության, այդպիսով ընդդիմությանը զրկել իր հիմնական շարժիչ ուժից։ Հիմնական խաղադրույքը կատարվել էր այն բանի վրա, որ զրկվելով հանրության գործուն աջակցությունից՝ ներկայիս արմատական ընդդիմությունը կմարգինալացվի։ Սակայն հենց այն հանգամանքը, որ այս ձեռնարկումները իմիտացիոն բնույթ էին կրում, ընդդիմության կենսունակության պահպանման հիմնական խթանիչը դարձավ։
Մյուս կողմից` մարտի 1-ի գործով անցնողներին անպայման պատասխանատվության ենթարկելու կեցվածքն ընդդիմությանը տեւական պայքարի մղեց՝ դրդելով այդ պայքարի կազմակերպման համար ավելի նպաստավոր ձեւաչափեր գտնել ու կիրառել։ Եվ այդպիսով իշխանությունը, փաստորեն, չկարողացավ իրականացնել իր առջեւ դրված մինիմալ խնդիրը՝ ձերբազատվել այլընտրանքից։ Իսկ դա իր հերթին նշանակում էր, որ նաեւ իշխանությունը կորցնելու վախը չանցավ, ինչն էլ ստիպեց մինչեւ վերջ մարտի 1-ի գործը հասցնել ցանկալի ավարտին՝ անտեսելով անգամ դրա միջոցով արտաքին ճնշումների տեղիք տալու հնարավորությունները։
4. Պնդել, թե ընդդիմությունը կատարեց ԵԽԽՎ պահանջը եւ ամեն ինչ արեց խնդիրն այսքան չբարդացնելու համար, իհարկե, սխալ կլիներ։ Սակայն, ի տարբեություն իշխանության, ընդդիմությունը տակտիկական ավելի ճիշտ լուծումներ գտնելով` իր համար գոնե մինիմալ հիմնավորումներ ապահովեց եւ այնպես արեց, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնի իշխանության վրա։ Փաստահավաք խմբի ձեւավորմանը մասնակցելով՝ ընդդիությունը փաստացի փակեց իր մասով ԵԽ-ի բերանը։ Դրան զուգահեռ, շատ ճիշտ գնահատելով իշխանության բռնած դիրքը` այն առաջարկեց կատարել միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու պայմանը որպես երկխոսությունների նախապայման, որը համապատասխանում էր ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներին։ Այդպիսով ընդդիմությունը նաեւ իր կողմից բանաձեւերով ստանձնած պարտավորությունների չկատարման մեղքը բարդեց իշխանության վրա։
5. Ողջ քաղաքական-հասարակական համակարգն այդպես էլ չհստակեցրեց, թե ո՞րն է երկրի իրական շահը, որոնք են այն չափորոշիչները, որոնց համաձայն կարելի է պարզել՝ որեւէ իրողություն, իրադարձություն որքանո՞վ է առնչվում կամ համապատասխանում երկրի եւ հասարակության շահերին։ Իշխանությունը փորձում է ԵԽ-ի կողմից մարդու իրավունքների գործոնը ներկայացնել իբրեւ ներքին խնդիրներին ուղղակիորեն միջամտելու գործիք եւ մղվում է ինքնապաշտպանության՝ խաղարկելով երկրի դիրքերը չթուլացնելու, ճնշումներին չենթարկվելու` թվում է թե անվիճելի նախապատվությունները։ Սակայն եթե դա այդպես է, ապա ինչու՞ են երկրի ներսում հենց մարդու իրավունքների հետ կապված այսպիսի լրջագույն խնդիրներ առաջանում, որոնք էլ արտաքին միջամտությունների են հանգեցում։ Առավել եւս, որ սահմանադրորեն է ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունը։ Եվ այս տեսակետից իսկապես անհասկանալի է դառնում՝ ԵԽ-ի կողմից հենց մարդու իրավունքների հետ կապված պրոբլեմների հիման վրա սանկցիաների կիրառումը բխու՞մ է մեր շահերից, որովհետեւ ստիպված ենք լինելու այս առումով լուրջ վերանայումներ կատարել, թե՞ հակառակը, որովհետեւ դրանով երկիրն ավելի խոցելի ենք դարձնում։
Դա նշանակում է, որ խաղի ընդհանուր կանոններ գոյություն չունեն թե՛ իշխանության, եւ թե՛ ընդդիմության համար, որոնցից յուրաքանչյուրն իր հատվածական շահերն է առաջ մղում։
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետեւանքներին, ապա այստեղ կատարյալ խառնաշփոթ է տիրում։ Որովհետեւ թե՛ իշխանությունը, եւ թե՛ ընդդիմությունը մինչեւ վերջ չեն հաշվարկել դրա իրական հետեւանքները։ Դա է պատճառը, որ իշխանության դաշտից նույնիսկ պնդումներ են լինում, թե ոչինչ էլ չի փոխվելու։ Իրականում, սակայն, փոփոխություններ չեն կարող չլինել, ընդ որում` թե՛ արտաքին, եւ թե՛ ներքին բովանդակության։
1. Հայաստանի միջազգային վարկանիշն աննախադեպ անկում կունենա, որի վերականգնումը շատ երկար ժամանակ կպահանջի։ Դրա առաջին հետեւանքը կլինի միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի աննախադեպ թուլացումը, ավելին՝ արտաքին ճնշումների համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը՝ կապված իշխանության արտաքին լեգիտիմության սասանման հետ։
2. Բուն ԵԽ-ում Հայաստանը կկորցնի համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնահարցերի նկատմամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք ուղղակիորեն կշոշափեն մեր շահերն ու հետաքրքրությունները։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը այս կառույցում սուբյեկտից կվերածվի օբյեկտի։
3. Այն անմիջականորեն կանդրադառնա Հայաստանի դիրքերի վրա նաեւ այլ միջազգային կառույցների եւ հատկապես ԵՄ-ի հետ հարաբերություններում, որին ինտեգրվելու խնդիրը Հայաստանը հռչակել է որպես գերակա ուղղություն։ ԵՄ-ն Հայաստանին կսկսի վերաբերվել որպես մեղմ ասած ոչ այնքան վստահելի գործընկերոջ, որի հետ հարաբերությունները կարեւոր կլինեն այնքանով, որքանով կբխեն տարածաշջանի այլ երկրների շահերից։
4. Չի բացառվում, որ հենց ԵԽԽՎ-ի կողմից կիրառվելիք սանկցիայի արդյունքում ԱՄՆ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան դադարեցնի Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացը։ Չմոռանանք, որ այս տարվա համար նախատեսված գումարների տրամադրումը սառեցնելու որոշումը կորպորացիան կայացրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի՝ Հայաստանի մասին տված գնահատականներից հետո։
5. Կտրուկ կարող է ապակայունանալ ներքին քաղաքական իրավիճակը։ Ընդդիմությունը ԵԽԽՎ այդ հնարավոր սանկցիայով նոր զենք է ձեռք բերում` իր պայքարին նոր շունչ ու որակ հաղորդելու համար։ Նա անպայման դա կօգտագործի հասարակական ընդդիմության նոր շարժում կամ ալիք բարձրացնելու համար։ Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ եթե Հայաստանի նկատմամբ սանկցիաները կիրառվեն, կվերանայեն իրենց մարտավարությունը։
6. Հասարակությունը կզրկվի իշխանության վրա ազդելու մինչեւ հիմա ամենաարդյունավետ միջոցից։ Իշխանությունը փաստացի իրեն կապահովագրի իրական բարեփոխումների գնալու անհրաժեշտությունից։ Խնդիրն այն է, որ 2001թ.-ից առ այսօր իշխանությունները գործնականում որեւէ բարեփոխում իրականացրել են միայն արտաքին ճնշումների ներքո, այսինքն` միայն այս կամ այն միջազգային կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած պարտավորությունները կատարելու միջոցով։ Այլ կերպ ասած՝ սանկցիայի կիրառումը կազատի իշխանության ձեռքերը։ Եվ բարեփոխումների անվան տակ այն կարող է լավագույն դեպքում փաստացի իրեն մատնել անգործության։
Hetq. 19-1-2009- Գեւորգ Դարբինյան
Monday, January 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment