Tuesday, January 20, 2009

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Հայաստանը պետք է կրկնապատկի բարեփոխումներին ուղղված ջանքերը»

Չափազանց կարեւոր է, որ ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատասխանատվություն ցուցաբերեն եւ ճիշտ ճանապարհ գտնեն առաջացած ներքաղաքական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին երեկ Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Անդրադառնալով Հայաստան - Եվրամիություն հարաբարություններին, եվրահանձնակատարը նշեց, որ Եվրամիության առաջարկած նոր՝ Արեւելյան գործընկերության ծրագիրը համագործակցության լավ առաջարկներ է ներկայացնում Հայաստանին, սակայն ծրագրի մաս կազմելու համար երկիրը պետք է «կրկնապատկի բարեփոխումներին ուղղված ջանքերը»: «Անելիք շատ կա հատկապես կառավարման որակի բարելավման գործում: Կարեւորվում է կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության խնդիրը պետք է լուծվի: Պետք է գործի անկախ դատավարական համակարգ», - ասաց Բենիտա Ֆերերո-Վալդները: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների վրա, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, ասաց. - «Դա շատ զգայուն հարց է, սակայն մենք հույս ունենք, որ իշխանություններն ու ընդդիմությունը, այնուամենայնիվ, կարող են այդ խնդիրը հարթել»: Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին երկուշաբթի օրը ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Բենիտա Ֆերերո-Վալդների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին «Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվելու հնարավորություն շնորհելու համար եւ շեշտել, որ Հայաստանը անելու է իրենից կախված հնարավորը` մյուս պայմանավորվածություններն օր առաջ իրողություն դարձնելու համար: Սերժ Սարգսյանը եւ Բենիտա Ֆերերո-Վալդները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցային հնարավորությունների ավելացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաեւ տարածաշրջանային ու ներհայաստանյան զարգացումներին: Նույն օրը Եվրամիության հանձնակատարի հետ հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն` «հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում առկա զարգացումները»: Տիգրան Ավետիսյան

No comments: