Wednesday, January 21, 2009

ՈՐՔԱՆ ԷԼ ԿՈՇՏ ԼԻՆԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ «ՀԱԿԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՉԵՆ

Շնորհիվ դրանց Թուրքիան հակակշռում է Իրանի հարաճուն ազդեցությունը Պաղեստինում Azg. 21-1-2009- Թեեւ հունվարի 17-ին Իսրայելը միակողմանի զինադադար հայտարարեց եւ սկսեց զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, իսկ «Համասը» մեկ շաբաթով միացավ զինադադարին, բայց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է դատապարտել ինչպես Իսրայելին, այնպես էլ վերջինի հետ համագործակցող արաբական երկրներին եւ հատկապես Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին: Հատկանշական է, որ նախքան զինադադարը նա Իսրայելին դատապարտում էր Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Զինադադարից հետո սկսեց դատապարտել «Պաղեստինին իբրեւ պետություն», իսկ «Համասին»ՙ որպես «երկրի օրինական իշխանություն» չճանաչելու համար, պատճառաբանելով, թե 2005-ի հունվարի ընտրություններում «Համասը» ստացել է ընտրողների ընդհանուր ձայների 75 տոկոսը: Թուրքիայի վարչապետն այս ամենի մասին հայտարարեց Բրյուսելում, ապա Իսրայելին դատապարտեց նաեւ «Համասի» պատգամավորներին կալանելու համար: Նշելով այս արարքի անհամատեղելիությունը ժողովրդավարության հետ, Էրդողանը շարունակեց. «Իսրայելի ամենապատասխանատու ղեկավարն է ասել, եթե անհրաժեշտ լինի, ես կհրապարակեմ նրա անունը: «Եթե մենք ազատ արձակենք «Համասի» պատգամավորներին, ասաց նա, ապա դա խիստ կանհանգստացնի Մահմուդ Աբբասին»: Բայց չէ՞ որ Պաղեստինի խորհրդարանական ընտրությունները Աբբասին գոհացնելու համար չեն անցկացվել: Պարտավոր է դրանց արդյունքների հետ հաշտվել ինչպես Աբբասը, այնպես էլ ողջ աշխարհը»: Էրդողանը ելույթում, որը հեռարձակվում էր թուրքական հանրային հեռուստատեսությամբ, Իսրայելին մեղադրեց նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կոպտորեն խախտելու եւ Ժնեւի կոնվենցիան ոտնահարելու մեջ: Ի դեպ, այդ ելույթի շրջանակներում հայտնի դարձավ, որ Իսրայելի հայտարարած միակողմանի զինադադարն սկզբում կտրականապես մերժող «Համասը» դրան մեկ շաբաթով միացել է այն ժամանակ, երբ Դամասկոսում Խալեդ Մաշալի հետ հանդիպել է վարչապետ Էրդողանի ներկայացուցիչը: Այլ կերպ, «Համասին» համոզել է Թուրքիան: Եթե ամփոփենք Էրդողանի ելույթը, ապա կստացվի, որ նա Իսրայելին դատապարտելիս, «Համասի» հարցում վերջինի հետ համագործակցելու համար բացահայտ մեղադրում է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասին, թերեւս դրանով էլ մատնացույց է անում Անկարայի հովանավորությունը «Համասին»: Ինչո՞վ է դա պայմանավորված: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ վարչապետ Էրդողանը Իսրայելին բազմիցս դատապարտել էր նաեւ նախքան զինադադարը եւ այդ առումով նրան էր միացել նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հունվարի 15-ին Ադանայում Գազայի վրա կատարված հարձակման առնչությամբ վարչապետ Էրդողանն ասել էր. «Պաղեստինցի եղբայրներին բերել ենք մեր երկիր: Վիրավորների մեջ կան անդամալույծներ, ոտքը կորցրածներ եւ ֆոսֆորային ռումբերով այրվածներ: Իսրայելը չի հարվածում ռազմական օբյեկտների վրա, «Համասն» այդպիսի օբյեկտներ չունի: Նա հարվածում է հիվանդանոցների, մզկիթների, դպրոցների վրա, երեկ հարվածեց ՄԱԿ-ի փախստականների շենքի վրա: Մի՞թե այս ամենը բացատրություն ունի: Բայց պատերազմը պետք է իր օրենքներն ունենա: Հեռուստատեսությունների գերակշռող մեծամասնությունը խուսափում է այդպիսի տեսանյութերի հեռարձակումից: Իրականությունը քողարկում է, որովհետեւ Իսրայելն է վերահսկում աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներին: Իսրայելը աշխարհին մարտահրավեր է նետում, ձեռք է առնում: Ես դիմում եմ Իսրայելին. «Վերջ տվեք արյունահեղ պատերազմին»: Կոչ եմ անում աշխարհին. «Անտարբեր մի՛ եղեք կոտորածների հանդեպ, աչք մի՛ փակեք այս վայրագությանը, որովհետեւ անտարբեր մնալու դեպքում դուք ստանձնում եք դրա պատասխանատվությունը»: Անընդունելի է այն, որ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը առ այսօր չի կատարվում: Սակայն Իսրայելը այն երկիրն է, որն ավելի քան 100 անգամ խախտել է այս կարգի որոշումներ: Եթե դա այդպես է, ապա ՄԱԿ-ի որոշումն արհամարհող այս երկիրը ինչպե՞ս է անդամակցում ՄԱԿ-ին»: Երբ ընդդիմությունը կոշտ ելույթների համար քննադատեց Էրդողանին, ապա վերջինը պատասխանեց. «Ավելի կոշտ չեն, քան Իսրայելի ֆոսֆորային ռումբերը»: Չափազանց կոշտ էին նաեւ Էրդողանի նախորդ ելույթները, ինչի համար նրան ամենայն կոշտությամբ քննադատել էր Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի փոխարտգործնախարար եւ վարչապետ Օլմերտի մերձավոր Մաջալի Վհբին: Նա, ըստ Turk time-ի հունվարի 12-ի համարի, ասել էր. «Էրդողանի հայտարարություններն զգացմունքային են, չեն արտացոլում իրականությունը: Եթե նա անկողմնակալ լիներ, ապա հրթիռակոծությունը դադարեցնելու կոչով կդիմեր նաեւ «Համասին»: Հույս ունենք, որ մեր հարաբերությունները չեն փչանա Էրդողանի հայտարարություններով: Էրդողանն ասում է, որ Գազայում «ցեղասպանություն» է իրականացվում: Ի՞նչ է, մենք էլ որպես «ցեղասպանությո՞ւն» բնութագրենք Թուրքիայում հայերի հետ կատարվածը»: Այս հայտարարությունը ոգեւորել էր հայաստանյան եւ սփյուռքահայ որոշ լրատվամիջոցների: Ոմանք էլ հեռու գնացող հետեւություններ էին արել, թե Թուրքիայի հետ հակադրության պայմաններում Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ ԱՄՆ-ի հրեական լոբբին կաջակցի Ցեղասպանության ճանաչման բանաձեւերը: Մինչդեռ խոսքը ոչ թե ճանաչման, այլ ճանաչելու սպառնալիքով վարչապետ Էրդողանի «հակաիսրայելական» ելույթներին համարժեք արձագանքելու մասին էր, ինչը սակարկություն է ենթադրում, որի առարկան նման մոտեցմամբ դառնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այլ կերպ, թուրք-իսրայելական հակադրությունն ընդամենը հանգեցնում է ցեղասպանության հերթական չարչրկմանը: Հիրավի, վարչապետ Էրդողանը ամենակոշտ արտահայտություններով դատապարտել է Իսրայելին, սակայն խոսքից գործի չի անցել: Օրինակՙ նա չի սահմանափակել Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու իսրայելական ռազմական ինքնաթիռներին տրամադրված արտոնությունը, ոչ էլ չեղյալ է հայտարարել Իսրայելի հետ վերջերս կնքված զինտեխնիկայի մատակարարման համաձայնագրերից գեթ մեկը: Որքան էլ կոշտ լինեն, Էրդողանի հայտարարությունները պարտավորեցնող չեն, Վհբիի արձագանքը դրանցՙ նմանապես: Թուրք-իսրայելական հակադրության շուրջ հետեւություններ անելիս չպետք է մոռանալ տարածաշրջանում իսրայելա-ամերիկյան առանցքի եւ պաղեստինցիների առավել եւս «Համասի» վրա Իրանի Իսլամական Հանրապետության հարաճուն ազդեցության մասին: Ակնհայտ է, որ արաբական աշխարհը լքած «Համասը», անկախ սուննի դավանանքից, կողմնորոշման հարցում նախապատվությունը միանշանակ տալու էր շիա Իրանին: Որպեսզի դա տեղի չունենա, Իսրայելին եւ իսրայելական շահերով առաջնորդվող ԱՄՆ-ին անհրաժեշտ էր ասպարեզ հանել մեկ այլ դերակատարի, որը դարձավ Թուրքիանՙ շնորհիվ Էրդողանի «հակաիսրայելական» կոշտ հայտարարությունների: Ի դեպ, Պաղեստինի վրա Իրանի ազդեցության տարածումը անհանգստացնող հանգամանք է նաեւ տարածաշրջանում ակտիվ դերակատարության հավակնություն ունեցող Թուրքիայի համար: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: