
HayInfo. 30-1-2009- ՀՀ դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը այսօր սկսվեց նախատեսվածից ուշ: «Ոտքի դատարանն է գալիս» հրահանգին Գագիկ Ջհանգիրյանը նստած տեղից արձագանքեց, որ արդեն մեկ անգամ կանգնել էր:
Այսօր ցուցմունք էր տալիս 6-րդ գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին պետ Տիգրան Հովհաննիսյանը, որի ղեկավարած օժանդակ խումբն էլ նախորդ տարվա փետրվարի 23-ին իրականացրել էր Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների բերման ենթարկելու գործողությունները:
Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնացել է այլ գործողության եւ այլեւս տեղյակ չէ դեպքի մանրամասներից: Վկան տեղյակ չէր, թե ով է տվել հրահանգ բերման ենթարկել Ջհանգիրյաններին, այսպիսով նա հրաժարվեց նախքան այս տված ցուցմունքներից:
Տիգրան Հովհաննիսյանը չէր հիշում նաեւ, թե քանի հոգու է ուղարկել 7, թե` 8: Պաշտպանական կողմը փորձեց ճշտել, թե ինչ հագուստով են եղել ջոկատայինները: Ջոկատի նախկին պետը հայտնեց, որ ջոկատայինները եղել են սեւ զգեստերով, սեւ դիմակներով, սեւ բերետներով:
Իսկ պաշտպանական կողմը խնդրեց ներկայացնել, թե որ օրենքով է սեւ տաբատ եւ սեւ բաճկոնը համարվում ոստիկանական համազգեստ: Ըստ պաշտպանական կողմի` նման օրենք չկա:
Գագիկ Ջհանգիրյանը դժգոհեց, որ ոստիկանների հագուստը չի համապատասխանում ոստիկանության ծառայության մասին օրենքին եւ ՀՀ կառավարության որոշումներին. «Պարոնայք ոստիկաններ, տարեք Ձեր հագուստի կարգը կառավարությունը հաստատի, որ հրապարակվի: Չհրապարակված ակտերը ուժ չունեն: Ոստիկանության ներկայացուցչին եթե ես դիմադրություն եմ ցույց տվել, կրկնում եմ, եթե, ապա ես պետք է իմանամ, որ նա ոստիկանության ներկայացուցիչ է: Իսկ իրենք հագնում են Ռուսաստանի սպեցնազի, Մոզամբիկի, չգիտեմ` որտեղի հագուստը»:
Պաշտպանական կողմի հերթական հարցը վերաբերվում էր հագուստի վրա առկա ուսադիրներին: Վկան հայտնեց, որ ուսադիրներ համազգեստի վրա չեն եղել: Ջհանգիրյանի պաշտպանը հիշեցրեց, որ օրենքը արգելում է առանց ուսադիրների համազգեստ կրել:
Տիգրան Հովհաննիսյանը տեղյակ չէր նաեւ, որ իր ջոկատայիններից Ռաֆիկ Մուրադյանը ժամանակին զինվորական հոսպիտալում 1 ամսից ավել բուժման կուրս է անցել հոգեբույժի մոտ: «Դու ինչ վարչության անդամ ես, որ չգիտես, որ քո աշխատողը 1 ամսից ավել հոգեբուժարանում բուժվել է»,-զայրացած ասած Գագիկ Ջհանգիրյանը:
Վերջինիս այն հարցին, թե ինչու է Տիգրան Հովհաննիսյանը հեռացել համակարգից, վկան նշեց, որ պատճառը տնտեսական էր, ըստ երեւույթին` ցածր աշխատավարձը: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը հակադրեց, որ թե 6-րդ վարչության նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, թե Տիգրան Հովհաննիսյանին հեռացրել են համակարգից հրամանները մինչեւ վերջ չկատարելու, այն է` Գագիկ Ջհանգիրյանին ֆիզիկապես չոչնչացնելու համար:
Պարզվեց նաեւ, որ վկան տեղյակ չի եղել կրակոցների մասին եւ այդ մասին տեղեկացել է միայն դեպքի հաջորդ օրը: Ընդհանրապես Տիգրան Հովհաննիսյանը խուսափում էր մի շարք հարցերից, նշելով, որ տեղում չի եղել եւ տեղյակ չէ: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 5-ին:
No comments:
Post a Comment