Saturday, January 31, 2009

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

HayInfo. 30-1-2009- «Ժառանգություն» կուսակցությունն այսօր տարածված հաղորդագրության մեջ իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների, քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ` արձանագրելով, որ վերստին բացակայում են արդարադատությունը, խոսքի ազատությունը, ինչպեսեւ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1609 եւ 1620 (2008) բանաձեւերում տեղ գտած պահանջների կատարմանն ուղղված իրական ջանքերը: ԵԽԽՎ-ի լավատեսությունն առ այն, որ «Ազգային ժողովի վերջին նախաձեռնությունը, շնորհված ներումների թիվը եւ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննություն անցկացնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը պետք է ընկալել որպես նշան, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են` կատարելու Վեհաժողովի 1609 եւ 1620 (2008) բանաձեւերում տեղ գտած պահանջները», ոչ միայն չի վերացնում «Ժառանգության» մտահոգությունը առ իշխանության խոստումների եւ գործողությունների միջեւ գոյություն ունեցող անջրպետը, այլեւ մղում է դեպի իրավական պետության կայացման հետեւողական պայքարի հուն: Այնինչ իշխանությունները շարունակում են ընդդիմանալ Հայաստանում առկա քաղբանտարկյալներին օր առաջ ազատելու եւ մարդասպաններին ու նրանց հովանավորողներին ըստ նրանց գործած հանցանքների պատժելու հարցին եւ, հակառակ դրան, համառորեն շարունակում են իրականացնել իմիտացիոն բնույթի քայլեր, ինչպիսին եղավ խոսքի ազատության վերականգնման ուղղությամբ ԱԺ-ի` սեպտեմբերին կայացրած տխրահռչակ որոշումը: Այն հանգամանքը, որ խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման եւ նրան արդյունավետ աշխատանքի հնարավորություն տալու վերաբերյալ «Ժառանգության» բոլոր առաջարկները, եւս մեկ անգամ վկայում է, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք` բացահայտելու 2008-ի մարտմեկյան հանցագործությունը: Մինչդեռ 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի հիմնադրումը, որը ողջունվեց կուսակցության կողմից, եւ որին այժմ իր մասնակցությունն է բերում «Ժառանգության» կողմից գործուղված փորձագետը, տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի սկզբունքային դիրքորոշման եւ հետեւողական հորդորների արդյունքում: Այդուհանդերձ, մինչ իրավական համակարգը` կատարելով գործադիր իշխանությունների պատվերը, սեւեռվել է խաղաղ ցուցարարների եւ նրանց առաջնորդների քաղաքական հետապնդումների վրա, 10 զոհերի համար պատասխանատու եւ ոչ մի անձ մինչ այժմ պատասխանատվության չի կանչվել: Նաեւ այդպես էլ չկայացավ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը, որը կարող էր որոշակիորեն լիցքաթափել վտանգավոր քաղաքական մթնոլորտը` նախանշելով երկիրը ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: «Ժառանգությունը» մտահոգ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները որպես հաղթանակ են ընկալում այն, որ ԵԽԽՎ-ն հեշտությամբ է համակերպվում եւ՛ Հայաստանում, եւ՛ տարածաշրջանի մի շարք այլ երկրներում իր որդեգրած սկզբունքների, այդ թվում` խոսքի ազատության, արդար դատավարության, բանտերում բռնությունների չենթարկվելու եւ այլ իրավունքների սահմանափակումների հետ: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի որպես հաղթանակ ընկալումը, ինչպես նաեւ եվրակառույցների անսկզբունքային կեցվածքը ոչ միայն հեռացնում են մեր երկիրը ժողովրդավարությունից, այլեւ էլ ավելի են մեծացնում քաղաքացիների դժգոհությունը եւ սրում քաղաքական լարվածությունը Հայաստանի Հանրապետությունում:

No comments: