Tuesday, January 27, 2009

ՁԱՅՆԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ ԵՐԿՈՒ ԱՄՍԻՑ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ ՏԵՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

Փաստորեն նախ կփոփոխվեն քր. օր.-ի 300 եւ 225 հոդվածները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 100 տոկոսին մոտեցող հավանականությամբ ձայնի իրավունքից չի զրկի Հայաստանի պատվիրակությանը, բայց դեռեւս «7-ի գործը» կմնա հիմնական պահանջ: Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կրկին կանդրադառնա Հայաստանի հարցին` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման գնահատականը տվող բանաձեւի նախագծում վերջին փոփոխությունները քննարկելու նպատակով: Երեկ նույն այդ հանձնաժողովում ԵԽԽՎ բանաձեւերի կատարմանն առնչվող վերջին որոշիչ տեսակետները ներկայացրին այդ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նիստի ավարտին միայն հայտարարության եւ որեւէ հարցի չպատասխանելու տարբերակով տեղեկացրեց, որ մոնիտորինգի հանձնաժողովը դիտարկել էր համազեկուցողների առաջարկությունները, որոնցով նշվել են ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կողմերը: «Այնուամենայնիվ հույս է հայտնվել, որ հիմնական ուղղությունը, որ վերջերս որդեգրել է Հայաստանի խորհրդարանը, շատ կարեւոր է, ինչպես նաեւ, որ 20 հոգու ներում է շնորհվել (այս թվի առնչությամբ պիտի որ ավելի շուտ իրականություն լինի 16 հոգու ներում շնորհելու հանգամանքը - Ա.Հ.): Դա չի բացառում այլ իրավական մեխանիզմների կիրառումը: Համազեկուցողների առաջարկներում չի մտնում Հայաստանին այս պահին սանկցիայի ենթարկելը»: Ըստ Հարությունյանի, մոնիտորինգի հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքը, Հայաստանի գործընթացների վերահսկողությունը լինելու է բավականին լուրջ եւ բարձր մակարդակի: Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն , իր հերթին, տեղեկացրեց, որ եթե կա պատժամիջոցի կիրառման խնդիր, դրան անդրադառնում է նաեւ ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովը: Այս հանձնաժողովը որոշում է, թե որքանով է մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը իրավաչափ: Ռուստամյանի խոսքերով, պատժամիջոցի նշումը հանձնաժողովի բանաձեւի նախագծում համարվել է իրավաչափ, բայց քանի որ համազեկուցողների զեկույցը լուրջ փոփոխություն է մտցնում, ապա պատժամիջոց չկիրառելը եւս համարվել է իրավաչափ: «Ազգի» հարցին, թե այսօր առավոտյան մոնիտորինգի հանձնաժողովում քննարկումը հնարավո՞ր է վերադարձնի սանկցիայի կիրառումը, Ռուստամյանը պատասխանեց, որ պատժամիջոցը հանելու առաջարկված փոփոխությունն արդեն դարձել է հանձնաժողովի կողմից ընդունված: Իսկ Հայաստանի հարցը ապրիլյան նստաշրջան տեղափոխվելու հարցին Ռուստամյանը պատասխանեց, որ մոնիտորինգի հանձնաժողովում միշտ էլ հարցը օրակարգում մնալու է: «Այս փուլում որոշվել է պատժամիջոց չկիրառել, քանի որ արձանագրվել է քաղաքական կամք: Որոշ ձեւակերպումներ փոխվել են եւ հստակ կլինեն այսօր առավոտյան: Փաստելով քաղաքական կամքի առկայությունը փոփոխելու 225 եւ 300 հոդվածները եւ որ դա պատվիրակության նախագահն է ղեկավարելու, այս փուլում որոշվել է պատժամիջոց չկիրառել», պարզաբանեց Ռուստամյանը: «Ազգի» հարցին, թե սանկցիա չկիրառելը ինչո՞վ կփոխարինվի, Ռուստամյանն ասաց, որ բանտարկյալների հարցը պահանջվում է լուծել հնարավորինս արագ: «Դրա լուծման խնդիրն է, թե որ ձեւով կատարվի, որ չշրջանցվեն իրավական դաշտն ու Հայաստանի օրենսդրությունը: Եղանակը 300 եւ 225 հոդվածների փոփոխությունն է, որոնք լայն մեկնաբանության տեղ են տալիս: Քաղաքական ու իրավական հատվածները հստակ սահմանազատելու խնդիր կա այդ հոդվածներում, որոնց վերափոխման միջոցով դա կկատարվի... Մեկ ամսվա ընթացքում պետք է աշխատանքային խումբը ներկայացնի առաջարկություններ Ազգային ժողով, դրա հիման վրա ԱԺ-ն փոփոխությունները կկատարի, ինչին հատկացված է եւս մեկ ամիս, այսինքն` մինչեւ մարտի վերջ, ըստ էության, ապրիլյան նստաշրջան»: Մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի հարցի քննարկումը, նստաշրջանի բացմանը նախորդող ավանդական ասուլիսում ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը , իր իսկ առանձնացմամբ, նստաշրջանի կարեւոր հարցերում չընդգրկեց Հայաստանին առնչվող վիճակը, այլ միայն ընդգծեց Եվրոպայում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների, Գազայի, Վրաստան-Ռուսաստան պատերազմի խնդիրները: Արդեն հարցերին ի պատասխան ԵԽԽՎ նախագահը նշեց, որ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման հարցի քննարկումը չի հասցվի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելուն: Ըստ Պուչի, Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի վերջերս Երեւան այցելության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն աշխատանքային խումբ ստեղծելու, որը կզբաղվի «քաղաքական բանտարկյալների իրավիճակի ուսումնասիրությամբՙ Հայաստանի օրենսդրության պայմաններում»: ԵԽԽՎ նախագահը պարզաբանեց, որ իրավիճակի հանգուցալուծումը կարող է դիտարկվել նաեւ օրենսդրական փոփոխություններով: Ամեն դեպքում, Պուչը հույս հայտնեց, որ Հայաստանի պատվիրակության լիազորությունները հարցականի տակ դնելու պատճառ չի լինի արդեն մինչեւ ապրիլյան նստաշրջան: ԵԽԽՎ այս նստաշրջանում թեժ քննարկումների առումով առաջնային դարձած ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը «Ազգի» հարցերին ի պատասխան նշեց, որ հենց սկզբից ՌԴ պատվիրակությունը բարձրաձայնել է, որ ձայնից զրկելու առաջարկը չափազանց է: «Համոզված ենք, որ Հայաստանում իրավիճակը ռադիկալ, սկզբունքային ձեւով չի տարբերվում շատ այլ երկրների իրավիճակից, այստեղ չկա ոչ մի արտառոց, արտակարգ բան: Եթե հարցը հասնի ԵԽԽՎ-ում քվեարկությանը, Ռուսաստանի պատվիրակությունը դեմ կքվեարկի: Բայց մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ մոնիտորինգի հանձնաժողովում հենց համազեկուցող Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն չեն պնդի իրենց առաջարկն ու քննարկման ժամանակ արդեն այդ մոտեցումը կուղղեն ու կհանեն: Վստահ եմ, որ ձայնի իրավունքից զրկելուն չի հասնի», հավաստիացրեց Կոսաչովը: ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին էլ ավելացրեց, թե իրենց փորձով համոզվել է, որ ձայնի իրավունքից զրկելը բնավ էլ ամենաարդյունավետ միջոցը չէ հարցեր լուծելու: «Պետք է միմյանց համոզել սեփական արդարացիության կամ անարդարացիության մեջ, բայց ոչ մի դեպքում չհասնել մինչեւ ձայնից զրկելը»: Մեղմացող ԵԽԽՎ-ն ու այնտեղ ակտիվացող Հայ ազգային կոնգրեսը Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը համակարգման ու այլ առաքելությամբ երեկ Ստրասբուրգում էրՙ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ընթացքին զուգահեռ գործունեությամբ: Իր իսկ խոսքերով, ԵԽ-ում իրենց տեսակետների տարածման մասին Զուրաբյանը բացահայտեց որոշ պահեր: Ի մասնավորի, նա նշեց, որ իրենք պատրաստել են բազմաթիվ փաստաթղթեր, «քաղբանտարկյալների ցուցակը, 60-ից 58 անձի, ու թեեւ հայտարարվել էր 16 ներման մասին, մեր ցուցակներից դա վերաբերում էր միայն 2-ին: Իշխանությունները խայտառակ խաբեության են դիմել»: Ըստ Զուրաբյանի, ընդդիմության ներկայացուցիչները բանակցել են մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի հետ, բարձրացնելով այն հարցը, որ իրականում ընդդիմությունը ներկայացված չէ այս քննարկումներում: «Կոլոմբիեի ու Պրեսկոտի պատվիրակությունը վերջին այցին ընդդիմության հետ չհանդիպեց, ուրեմն այս քննարկումներում լսելի չէ ընդդիմության ձայնը: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը ներկայացրել են փաստաթղթերի տեսքով, տարածել մոնիտորինգի հանձնաժողովում, հանդիպումներ են եղել բալթյան երկրների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Մոնակոյի եւ էլի մի քանի երկրների պատվիրակությունների հետ, հանդիպումները դեռ շարունակվում են»: «Ազգի» հարցին, թե ինչու նախորդ նստաշրջաններում ընդդիմությունը չէր ակտիվացել, Զուրաբյանը պատասխանեց, թե շարժումը ամրապնդվում է. «Կարծում ենք, հիմա պետք է մշակել ԵԽ-ի հետ աշխատելու երկարաժամկետ ստրատեգիա»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակին արված այն հայտարարության առնչությամբ «Ազգի» հարցին, թե եվրոկառույցներին հավատալը քաղաքական միամտություն էր, Զուրաբյանը պատասխանեց, որ որեւէ հավատի կամ անհավատության մասին խոսելը համարում է անիմաստ: Սա քաղաքական աշխատանք է եւ մենք լավ հասկանում ենք, որ այստեղ ներկայացված երկրները ունեն իրենց շահերը, կան նաեւ երկակի ստանդարտներ: Այդ ամենով հանդերձ կան պարզ ճշմարտություններ եւ արդարություն, որի մասին եթե տեղեկությունները հասանելի դառնա ԵԽ անդամներին, ստիպված կլինեն ինչ-որ քայլեր կատարել», նշեց Զուրաբյանը: «Ազգ» 27.1.2009- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

No comments: