Tuesday, January 27, 2009

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇԻՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ

«Ջավախքի խնդրի նկարագիրը փոխվեց 2005-ից: Եթե մինչ այդ ջավախահայերը ինքնաբուխ, հիմնականում անկազմակերպ տրամադրություններով էին գնում ինքնակարգավորման, ապա 2006-ից վրացահայերի մոտեցումները փոխվեցին, նրանք վրացական իշխանություններից պահանջեցին հաշվի առնել հայերի էթնիկ իրավունքները», երեկ «Ուրբաթ» ակումբում նկատեց «Երկիր» հայրենակցական միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին : Այդ ժամանակահատվածից միությունը կազմակերպել է սեմինար` քաղաքակիրթ բանակցություններ սկսելու նպատակով: Սեմինարում ընդգրկված են եղել նաեւ մասնագետների եւ վերլուծաբանների հսկայական խումբ, սակայն ապարդյուն: Այնուհետեւ Թիֆլիսում կազմակերպվել է հանդիպում: Կրկին անարդյունք: Միության քաղաքականությունը 2007-ից փոխվեց, եւ հայերի ու վրացիների միջեւ սկսվող բանակցություններն ընթացան միջազգային, եվրոպական կազմակերպությունների ճանապարհով: Թեպետ ՄԱԿ-ը արձանագրեց, որ Վրաստանը պետք է ստեղծի հատուկ պայմաններ ջավախահայության համար, առանձին կետով նշվում էր նաեւ Ջավախքում տեղակայված հայկական եկեղեցիների հարցը, սակայն դրությունը մնաց անփոփոխ: «Հատկապես Նորաշենի սկանդալից հետո վրացիները հասկացան, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայերի ակտիվության պատճառով անխուսափելի է դառնում հայերի հետ բանակցության եւ երկխոսության մեջ մտնելը: Այդ պատճառով հուլիսին տեղի ունեցան «Միասնական Ջավախք» կազմակերպությունում ձերբակալություններն ու շինծու գործերը», պատմում է Սեւակ Արծրունին: Հիշեցնենք, որ Գուրգեն Շիրինյանի դատն ավարտվեց շատ արագ, լղոզված ձեւով: Շիրինյանի դատավարությունն ամբաստանյալի բացակայությամբ սկսվեց: «Հաշվի չառնվեց, որ վկաները միայն ոստիկաններ են: Թեպետ դատավարության ժամանակ միմյանց հակասեցին, այնուամենայնիվ Շիրինյանին դատապարտեցին 17 տարվա ազատազրկման: Չախալյանին էլ փորձում էին դատելՙ որպես նույն սպանության գործչի: Սակայն փաստեր չունենալով` գործի նյութին միացրին այլ մեղադրանքներ, ինչի հետեւանքով հենց «արդարադատություն» իրականացնողներն ընկան ծուղակն ու արդեն 6 ամիս ընթացող դատավարության ժամանակ որեւէ էական բան տեղի չի ունեցել», ասում է Արծրունին: Նկատի ունենալով այն փաստը, որ Չախալյանի դատավարության նկատմամբ հետաքրքրությունը միջազգային դիտորդների, եվրոպական կազմակերպությունների կողմից բավականին մեծ է` վրացական իշխանությունը որոշեց ուղղությունը փոխել, ինչի հետեւանքով անցյալ շաբաթ Ախալցխայում տեղի ունեցան մի շարք նոր ձերբակալություններ: «Ձերբակալվածները Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանը, քաղաքական գործիչներ չեն: Նրանք ակտիվիստներ են եւ իրականացնում են մարդասիրական ծրագրեր: Քաջ գիտակցելով, որ հայերը կրկին պահանջելու են միջազգային ամենավերին ատյաններում պատասխան տալ ձերբակալությունների համար, կեղծ պատմություններ հորինեցին, իբր նրանց մոտ հայտնաբերել են զենք եւ զինամթերք», ասում է Արծրունին: «Երկիր» հայրենակցական միության ներկայացուցիչները նշում են, որ պայքարի ընթացքում ավելի ճիշտ կլինի, եթե հայերի կողմից չհնչեն ծայրահեղ քաղաքական արտահայտություններ: «Պայքարը հիմնականում պետք է տարվի սփյուռքում, ավանդական կուսակցությունների միջոցով: Նրանք պետք է զանգվածային միջոցառումներ կազմակերպեն` կոչ անելով աշխարհի բոլոր երկրներում տեղակայված Վրաստանի դեսպանատներին, միջազգային կառույցներին, որ Վրաստանը զերծ մնա անօրենություններից եւ ընդունի իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններին, որոնք համաձայն միջազգային կոնվենցիայի` իրավունք ունեն ինքնուրույնություն պահպանելու», ասում է միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը : Բանախոսներին մտահոգում է հատկապես այն փաստը, որ խնդրի կապակցությամբ որոշակի ակտիվություն է գրանցվում նաեւ Ադրբեջանում: Մասնավորապես ադրբեջանական մամուլում հոդվածներ են տպագրվում, թե իբր հայերը ցանկանում են Ջավախքը խլել վրացիներից: «Սա թուրք-ադրբեջանական նախագծի ուղղություններից է` Հայաստանը մեկուսացնելու Ջավախքից», ասում է Սեւակ Արծրունին: Միության ներկայացուցիչները դիմել են նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս նրանց տեղեկացրել է, թե ամաչում է Չախալյանի հանդեպ իրականացվող վերաբերմունքի համար: Սակայն օմբուդսմենի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու միջեւ կան բազմաթիվ տարաձայնություններ, ինչի պատճառով էլ խնդիրը լուծում չի ստանում: «Եթե սադրանքների չենթարկվենք ու միջազգային կազմակերպությունների վրա ճնշումները կրկնապատկենք` Վրաստանն այլ շանսեր չի ունենա: Սա Վրաստանի վերջին քայլն է: «Միասնական Ջավախքի» հետ չստացվեց, այժմ փորձում են այդ նույն բանը կիրառել այլ ուժերի հետ: Ի վերջո Վրաստանը պետք է սկսի իր միջազգային պարտավորությունները կատարել եւ հարգել հայերին», համոզմունք հայտնեց Սեւակ Արծրունին: «Ազգ» 27.1.2009-
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: