Monday, January 5, 2009

ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՕԶՉԵԼԻՔԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՔՐԴԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նա դրանով հիմքից զրկում է թուրք պատգամավորների ժխտողականության փորձերը «Ազգը» նախորդ համարում «Հայերի զանգվածային կոտորածը բոլորիդ է հայտնի, ինչո՞ւ չեք հիշում» վերնագրով անդրադարձել էր «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության քուրդ պատգամավոր Օսման Օզչելիքի Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի ամբիոնից արած հայտարարությանը: Դա արվել էր դեկտեմբերի 20-ին: Այս հանգամանքը թեեւ ժամանակավրեպ էր դարձնում անդրադարձը, սակայն Օզչելիքը Մեջլիսում հանդես էր գալիս «Ժողովրդավարական հասարակարգ» խմբակցության անունից, այսինքն ներկայացնում էր համանուն կուսակցությանը: Նա այդ հայտարարությունը՝ որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, անում էր կանոնակարգային ելույթի ժամանակ: Սա կարեւոր հանգամանք է: Կարեւոր է նաեւ պատգամավոր Օզչելիքի հայտարարության ձեւակերպումը: Նա ասում է. «Ցավոք, 1915-ի իրադարձություններում, որոնց քրդերը «հայերի սպանդ» են կոչում, քրդական «Համիդիե» գնդերի ձեռքով սպանվեցին բազում հայեր: Քուրդ թափթփուկներն ու ժանդարմերիան հայերի զանգվածային կոտորածներ են սարքել: Իմ մանկությունն անցավ նրանց պատմությունը լսելով: Որտե՞ղ է մեկ միլիոն հայը: Ո՞ւր կորան այդ մարդիկ: Այս ամենը քաջ հայտնի է ձեզ բոլորիդ: Ինչպե՞ս եք մոռանում»: Օզչելիքն այս հայտարարությամբ Թուրքիայի ազգային մեծ ժողովի հարկի տակ Հայոց ցեղասպանության փաստի առաջին խոստովանությունն է անում: Քանի որ նրա ելույթը սղագրվում է, ուստի եւ արձանագրվում է Մեջլիսի ցուցանակներում: Այսինքն՝ Օզչելիքի խոստովանությունը արձանագրվելու միջոցով անցնում է ցուցանակներ եւ դրանով դառնում է ցուցանակներում արտահայտվող արձանագրություն: Ավելին, հայտարարության մեջ Օզչելիքը ոչ միայն արձանագրում է Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանության իրագործումը, այլեւ խոստովանում է Հայոց ցեղասպանությանը քրդերի գործուն մասնակցությունը: Նա այդ մասնակցության համար մեղադրելով «Համիդիե» գնդերին, ակամա հաստատում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման քաղաքականությունը որդեգրվել է դեռեւս 19-րդ դարի վերջերին, այլ ոչ թե Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամ 1915-ին: Օզչելիքը միաժամանակ երեւան է հանում Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու Թուրքիայի օրենսդիր գերագույն մարմնի ներկայացուցիչների նկրտումները, պատմական իրողությունը քողարկելու մեղադրանքով նրանց զրկում է 1915-ի իրադարձությունների առնչությամբ երկրում իրազեկվածության բացակայությանն ապավինելու հնարավորությունից: Օզչելիքի հայտարարությունից իմացանք, որ քրդերը «հայերի սպանդ» են կոչել 1915-ի իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձությունների առնչությամբ թուրքական ժողովրդական զանգվածների շրջանում տարածում են գտել «կոտորածի տարի», «մեծ ջարդ», «կացնի ավելցուկ», «սրի ավելցուկ» եւ «տեղահանության շնորհիվ հարստացածներ» արտահայտությունները, ուստի Թուրքիայում իրազեկվածության խնդիր որպես այդպիսին երբեւէ չի եղել, ոչ էլ կարող է լինել հատկապես Մեջլիսի պատգամավորների համար: Բայց որ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավոր Օսման Օզչելիքի վերոհիշյալ հայտարարությունն ու խոստովանությունը ինքնին լուրջ խնդիր են Թուրքիայի ազգային մեծ ժողովի համար, ակնհայտ է: Ի՞նչ առումով: Այն, որ թուրքական պետական շրջանակները քրդերին համարում են թուրք ազգի հիմնական տարրը եւ դա հիմնավորելու համար մատնացույց են անում քեմալական շարժումը քրդերի հետ ուս ուսի ծավալելու, երկիրը քրիստոնյա արեւմտյան տերություններից համատեղ ջանքերով ազատագրելու հանգամանքները: Նման մոտեցմամբ քրդերը դառնում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր տարրը նաեւ: Այս պայմաններում պատգամավոր Օզչելիքի խոստովանությունը ակամա վերագրվում է ժամանակակից Թուրքիայի եւ թուրք ազգի հիմնադիր տարրերից մեկին` քրդերին, մասամբ նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովին, որովհետեւ նրա «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը խորհրդարանական է: Անտրամաբանական է, երբ երկրում կատարված ցեղասպանությանը մասնակցի տվյալ ազգի հիմնարար երկու տարրերից մեկը, իսկ մյուսը` ոչ: Հետեւաբար, Օզչելիքը խոստովանելով Հայոց ցեղասպանության փաստն ու դրան քրդերի մասնակցությունը, տրամաբանական բոլոր հիմքերից զրկում է Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականությունից կառչելու մյուս հիմնարար տարրի պատգամավորներին: «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության թուրք պատգամավոր, Մարդու իրավունքների միության նախկին նախագահ Աքըն Բիրդալը հավելում է Օզչելիքին, հայտարարելով. «Հանցագործության այսպիսի անցյալ ունեցող պետության համար, ինչպիսին է Թուրքիան, բավարար չէ սոսկ հայերից ներողություն խնդրելը: Նա միաժամանակ պետք է ներողություն խնդրի հույներից, ասորիներից, եզդիներից, քրդերից, ալավիներից, արաբներից, ինչպես նաեւ կոմունիստներից եւ սոցիալիստներից»: Ի դեպ, Աքըն Բիրդալը աջակցում է հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների նախաձեռնությանը, սակայն ներողության պարագայում նրա խոսքը վերաբերում է ոչ թե թուրք մտավորականությանը, այլ թուրքական պետությանը: Հ. ՉԱՔՐՅԱՆ. «ԱԶԳ», 25.12.08

No comments: