Monday, January 5, 2009

ԵՐԲ ԵՆ ՍԿՍԵԼ ԶԱՐԴԱՐԵԼ ԵՂԵՎՆԻՆ

Այսօր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն անհնար է պատկերացնել առանց տոնածառի թարմ կանաչի ու դյութիչ բույրի: Զարդարված ծառը խորհրդանշում է կյանքի հարատեւությունը: Փաստորեն, սա յուրօրինակ կենաց ծառ է, որը շատ ավելի հին է, քան քրիստոնեությունը, եւ չի պատկանում որեւէ կոնկրետ կրոնի: Սուրբ Ծննդյան տոնը նշելուց դեռ շատ վաղուց Հին Եգիպտոսի բնակիչները դեկտեմբերին՝ տարվա ամենակարճ օրը, իրենց տուն էին բերում արմավենու ճյուղեր՝ որպես մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի խորհրդանիշ: Հին հռոմեացիները հողագործության աստծու պատվին տունը զարդարում էին կանաչ տերեւներով: Կելտական քրմերը ձմեռային արեւահավասարի տոնակատարության ժամանակ կաղնու ճյուղերից կախում էին ոսկե խնձորներ: Միջին դարերում կարմիր խնձորներով զարդարված հավերժ կանաչ ծառը Ադամին եւ Եվային նվիրված տոնախմբության պարտադիր խորհրդանիշերից էր: Այդ տոնը սովորաբար նշում էին դեկտեմբերի 24-ին: Սուրբ Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 16-րդ դարին: Գերմանիայի Ստրասբուրգ քաղաքում ե՛ւ աղքատները, ե՛ւ մեծահարուստ ընտանիքները ձմռանը եղեւնին զարդարում էին գունավոր թղթերով, մրգերով եւ անուշեղենով: Այդ սովորույթը աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրոպայով մեկ: Եղեւնին զարդարելու ավանդույթը Ամերիկա հասավ գերմանացի եկվորների, ինչպես նաեւ այն վարձու զինվորների շնորհիվ, որոնք մասնակցել էին անկախության պատերազմին: 1804թ. Դիրբորն ամրոցի (այժմ Չիկագո) ամերիկացի զինվորները Սուրբ Ծննդյան տոնին հարեւան անտառից եղեւնիներ էին հատում եւ կանաչ գեղեցկուհիներին տեղադրում էին իրենց զորամասերում: Ամանորին եղեւնին զարդարելու սովորույթը շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհում: 1842թ. Վիլյամսբուրգում (Վիրջինիա) Չարլզ Մինեգրոդ անունով ոմն վաճառական գնորդներին առաջարկում էր ծառերի ճյուղերից կախել գեղեցիկ զարդարանքներ: 1851թ. Մարկ Կարը երկու սահնակների վրա բեռնված եղեւնիներով առաջին անգամ հայտնվեց Նյու Յորքի փողոցներում: Այդպես ԱՄՆ-ում սկսվեց տոնական եղեւնիների անհատական վաճառքը: ԱՄՆ-ի 14-րդ նախագահ Ֆրանկլին Պիրսի շնորհիվ հիմք դրվեց Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան եղեւնի ունենալու ավանդույթին: 1923թ. նախագահ Քելվին Քուլիջը կատարեց ամանորյա եղեւնու լույսերի հանդիսավոր միացման արարողությունը, որը մինչեւ օրս հանդիսավորությամբ կատարվում է Սպիտակ տան դիմացի պուրակում: 1996-ից ի վեր Սուրբ Ծննդյան եղեւնու ազգային ընկերությունը տարվա ամենագեղեցիկ եւ փարթամ ծառը նվիրում է Ամերիկայի առաջին ընտանիքին: Այդ ծառը տեղադրվում է Սպիտակ տան Կապույտ սենյակում: Ն. ԱՐՇԱԿՈՒՆԻՆ

No comments: