ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը բաց նամակով դիմել է երկրի կառավարությանը, Ռումինիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններին եւ եկեղեցականներին՝ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ վրացական իշխանությունների վերաբերմունքի մասին տեղեկացնելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռումինիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տեր Գրիգոր Մարտիկյանը, Ռումինիայում այս տարվա հունվարի 18-25-ն անցկացվել է արդեն ամենամյա դարձած էկումենիկ աղոթքի շաբաթ՝ նվիրված եկեղեցիների միությանը եւ քրիստոնյաների միջեւ խաղաղության ամրապնդմանը: Աղոթքի օրերին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները: Հունվարի 20-ին վերջիններս հյուրընկալվել են Ռումինիայի հայկական եկեղեցում, որտեղ եւ հայ համայնքի ու եկեղեցու անունից տարածվել է բաց նամակ եւ ներկայացվել Վրաստանում հայկական եկեղեցիների վիճակը: Նամակը լայն արձագանք է գտել ռումինական լրատվամիջոցներում, սակայն վրացական կողմից դեռեւս ոչ մի արձագանք չի եղել:
Բաց նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել այն մասին, որ վերջին շրջանում վրացական իշխանությունների կողմից «բռնագրավման է ենթարկվել է Նորաշենի եկեղեցին, այն կառուցողների շիրմաքարերը կործանվել են, հայերի գերեզմանները պղծվել»: «Եթե ցարիզմի ժամանակաշրջանում Թիֆլիսում գործում էին 29 հայկական եկեղեցիներ, ապա այսօր միայն երկուսում են լսվում հայ աղոթքն ու շարականը: Վրաստանի Հանրապետության կողմից ճանաչված միակ եկեղեցին բռնագրավել է մյուս հայ եկեղեցիները: Եղբայրներ ի Քրիստոս, հրավիրում ենք Ձեզ բոլորիդ եւ ամեն քրիստոնյայի, որպեսզի հայ քրիստոնյա հավատացյալների հետ միասին միաձայն աղոթենք առ Աստված Վրաստանի հողի վրա ապրող մեր հայ եղբայրների եւ քույրերի համար: Տա Աստված, որ նրանք հնարավորություն ունենան նորից աղոթելու հայոց հին եկեղեցիների կամարների տակ եւ խնկարկել իրենց ննջեցյալների գերեզմանները, աղոթել արդարության, փրկության ու ապագայի համար»,- նշվել է նամակում: Դրանում նաեւ անդրադարձ է կատարված Վրաստանի հայ համայնքի կարեւոր մասնակցությանը վրաց ժողովրդի կրոնական, մշակութային, տնտեսական կյանքին եւ Վրաստանի կազմավորման ու առաջադիմության գործընթացին: Տեր Գ. Մարտիկյանի տեղեկացմամբ՝ Ռումինիայի հայ համայնքը ներկայում ունի շուրջ 4 500 անդամ: Հայ եկեղեցու թեմը Ռումինիայում հիմնադրվել է 1401թ.: Այդ երկրում կա 20 հայկական եկեղեցի եւ 2 շքեղ վանք, որոնք իրենց արտաքինով շատ նման են Տաթեւի վանքին:
Monday, January 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment