Երեւան (Երկիր) - Հունվարի 21-ին ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոնակայանում տեղի ունեցավ ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, գիտաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից` ի կատարումն 2008թ. մարտին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված` ՀՀ հեղինակած եւ ավելի քան 60 երկրի կողմից համահեղինակված «Ցեղասպանության կանխարգելումե 7/25 բանաձեւի պահանջների: Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, այս հանցագործության դեմ պայքարն ու կանխարգելումը առաջնային խնդիր է համարում եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանք ծավալում միջազգային կազմակերպություններում: Գիտաժողովը հիմնականում նպատակ ունի քննարկելու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում` պայմանագրային մարմինների ընձեռած հնարավորությունները, եւ առաջարկություններով ներկայանալու միջազգային հանրությանը, ինչը կօգնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդականին առավել արդյունավետորեն օգտագործել իր մանդատի տված հնարավորությունները: Արման Կիրակոսյանն իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ցեղասպանություն հանցագործության դրսեւորումներին` մարդու իրավունքների շարունակական ու մտածված ոտնահարում, ատելության սերմանում, պատմության վերանայման փորձեր, մերժողական քաղաքականություն, անպատժելիություն, քաղաքական նպատակահարմարությունից թելադրված անգործություն, որոնք դառնում են ցեղասպանային մտածելակերպի արմատավորման հիմքեր եւ պարարտ հող ստեղծում մարդկության դեմ այս ամենադաժան հանցագործության կրկնման համար:
Saturday, January 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment