Sunday, January 4, 2009

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՈՆԵ, ԵԹԵ ՉԵՂԱՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

... կոալիցիոն քառյակը երեւի թե Ամանորի շեմին պետք է ներողություն խնդրեր ժողովրդից, հասարակությունից, քաղաքացիներից յուրաքանչյուրից, որ չի կարողացել լուծել հրատապ լուծում պահանջող եւ որեւէ առանցքային հարց` չի ապահովել օրինականություն, օրենքի առաջ համատարած եւ անխտիր հավասարություն, տնտեսական հավասար մրցակցություն, իշխանության ու բիզնեսի տարանջատում, քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ: Ամփոփելով քաղաքական տարին, Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայարարեց, որ այն իրենց կուսակցության համար փորձությունների տարի էր, բայց ավարտվում է դրական, քանի որ մտել են կոալիցիայի մեջ եւ իրականացնում են իրենց ծրագրերը: Հարց է առաջանում, իսկ ով էր խնդրում, որ դուրս գային կոալիցիայից եւ ենթարկվեին փորձությունների: Թող մնային ու իրականացնեին իրենց ծրագրերը, հիմա այն երկու տարին, որ ՕԵԿ-ը ընդդիմություն էր, նրանց ծրագրերի համար կորած չէր լինի, ահագին բան հասցրած կլինեին, միգուցե աղետի գոտին ամբողջությամբ վերականգնած լինեին, ու հետն էլ վերադարձրած լինեին խորհրդային Խնայբանկի ավանդները: Համ էլ Ռոբերտ Քոչարյանը կուսակցության նախագահին դավաճան չէր ասի, համ էլ մարտի 1-ից առաջ հասարակությունը նրան դավաճան չէր ասի, բնակչության դեմ կրակելուց մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի հետ կնքած համաձայնության համար: Այդպես ոչ միայն տարին, այլ հնգամյակը կլիներ դրական ՕԵԿ-ի համար: Այսօր, երբ գրվում են այս տողերը, ասուլիս է տալու Գալուստ Սահակյանը` ՀՀԿ փոխնախագահը: Նա էլ կամփոփի տարին, ու հավանաբար կասի, որ տարին ՀՀԿ համար էլ փորձությունների տարի էր բայց ավարտվում է դրական, քանի որ օրինակ բացվել է մահմեդական աշխարհին անդամակցելու հեռանկար, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում երկրի զարգացման համար: Թե չէ կառչել ենք Եվրոպայից ու պոկ չենք գալիս, եւ ընդամենը վերջերս ենք սկսել մտածել Չինաստանի ուղղությամբ, ինչը նույնպես սխալ է, քանի որ Չինաստանն էլ կմտածի, թե մենք գնալու ուրիշ տեղ չունենք: Այնպես որ, ժամանակն է, որ հայտարարենք նաեւ Աֆրիկյան երկրներին միանալու հնարավորության մասին, որպեսզի աշխարհն իմանա, որ մեզ չի կարող «վերցնել մերկ ձեռքերով» եւ պարտադրել իր արժեքները, քանի որ մենք միշտ էլ գնալու տեղ կունենանք: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական տարին ավարտում է ընդդիմադիր կեցվածքով, դեմ քվեարկելով կառավարության հարկային փոփոխությունների փաթեթին: Փաթեթն իհարկե անցնում է, խնդիրը դա չէ: Բայց փաստը մնում է, որ ԲՀԿ-ն քվեարկեց դեմ, այսինքն համաձայն չէ կառավարության քաղաքականությանը: Սակայն դժվար է ասել, թե ԲՀԿ համար հիմա դա դրական, թե անցանկալի իրավիճակ էր: Բայց տարին անկասկած կամփոփեն լավ, քանի որ Գագիկ Ծառուկյանը մի քանի մեդալ է ապահովել երկրի համար` 6 բրոնզ օլիմպիադայից, մի քանի ոսկի Եվրոպայի տարատեսակ առաջնություններից եւ մի քանի արծաթ աշխարհի առաջնություններից, ու մեկ էլ աշխարհի գավաթ: Գուցե Սերժ Սարգսյանն էլի առաջ է իր շախմատային «երկհարկ» թագով, բայց փոխարենը Գագիկ Ծառուկյանի հաջողությունների ճակատն է լայն, հետեւաբար` վաստակը մեծ, ու այդպիսով` տարին դրական: Դաշնակցությունն արդեն ամփոփում է իր 118-րդ տարին: Դա բավական մեծ ժամանակ է, շատ երկար ժամանակ, երբ տվյալ սուբյեկտը արդեն չի էլ կարողանում տարբերակել` ինչն է դրական, ինչը ոչ, ու մի տեսակ գոյություն է շարունակում իներցիայի ուժով: Բայց այն, որ Դաշնակցությանը հաջողվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին բավական մոտիկ ցույց անել Երեւանում, կարծես թե հիմք է տալիս համարել, որ Դաշնակցության համար էլ տարին ավարտվում է դրական: Համենայն դեպս, կարծես թե բացասական ոչինչ չկա, առավել եւս, որ տեղի է ունենում աննախադեպ երեւույթ, երբ նախագահի ընտրությանը գրավում ես չորրորդ տեղը, բայց շարունակում ես մնալ իշխանություն: Սրանից դրական էլ ինչ: Լավ կլիներ իհարկե, որ կոալիցիոն քառյակի հաջողությունները չափվեին հանրության եւ պետության կյանքում ձեռքբերումներով: Եթե այդպես լիներ, ապա 2008 թվականը փաստացի որեւէ կուսակցության համար չէր կարող դրական լինել, քանի որ երկրում տեղի է ունեցել մարտի 1, զոհվել են քաղաքացիներ, երկրում առկա են անձինք, որոնք բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար, երկրում տեղի են ունեցել բռնություններ լրագրողների, հասարակական գործիչների հանդեպ, երկրում կրճատվել են աշխատատեղեր, պահպանվել է այդ մտահոգիչ երեւույթի շարունակության միտումը: Իհարկե, պետք է ամեն ինչի մեջ տեսնել դրականը, բայց երբեմն պետք է լռել այդ մասին, քանի որ դա ցավ է պատճառում այն մարդկանց, որոնք օրինակ Ամանորի շեմին զրկվում են աշխատանքից եւ չգիտեն, թե ինչպես են ուրախություն ապահովելու իրենց երեխաների համար, որ ասենք ՕԵԿ-ի նման, նրանց երեխաներն էլ համարեն, որ տարին իրենց համար դրական է: Կամ, որ ասենք ԿԲ նախագահի նման, իրենց երեխաներն էլ կարողանան տարվա ընթացքում մեկ մեքենա ձեռք բերել` թեկուզ ոչ այդքան թանկարժեք` 100 հազար դոլարանոց, այլ խաղալիք` մի հազար դրամանոց: Դրա համար կոալիցիոն քառյակը երեւի թե Ամանորի շեմին պետք է ներողություն խնդրեր ժողովրդից, հասարակությունից, քաղաքացիներից յուրաքանչյուրից, որ չի կարողացել լուծել հրատապ լուծում պահանջող եւ որեւէ առանցքային հարց` չի ապահովել օրինականություն, օրենքի առաջ համատարած եւ անխտիր հավասարություն, տնտեսական հավասար մրցակցություն, իշխանության ու բիզնեսի տարանջատում, քաղաքական եւ քաղաքացիական ազատություններ: Ժողովուրդը, հասարակությունը, քաղաքացիները, գուցե ընդունեին այդ ներողությունը եւ համարեին, որ եթե կոալիցիոն քառյակը գիտակցում է այդ ամենն ու ներողություն խնդրում, ապա դա արդեն իսկ դրական է եւ ուրեմն տարին իսկապես ունեցավ դրական ավարտ, չնայած հանրային եւ պետական կյանքի համար որեւէ կերպ չլուծված առանցքային խնդիրների առկայությանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 26.12.08

No comments: