Sunday, January 4, 2009

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՁՄԵՌ ՊԱՊԻ, ԱՅԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ Է

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը չեղյալ է համարել Ծննդյան տոների կապակցությամբ իր իսկ կայացրած, ոչ ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց ներման 19 որոշումներից մեկը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը դա բացատրել է նրանով, որ տվյալ գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Թե հատկապես ինչ հանգամանքի մասին է խոսքը, Սպիտակ տունը չի հստակեցրել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Եթե Ջորջ Բուշը զարմացրել է իր ներման որոշումներից մեկը չեղյալ հայտարարելու մասին որոշումով, ինչն ԱՄՆ պատմության ընթացքում խիստ հազվադեպ իրողություն է, ապա Սերժ Սարգսյանը շատերին զարմացնում է համաներում չհայտարարելու իր համառությամբ: Հայտնի է օրինակ, որ երբ օրերս նախագահի նստավայրում լրագրողների համար կազմակերպված ամանօրյա ընդունելությանը լրագրողներից մեկը Սերժ Սարգսյանին հարցրել էր, թե չի պատրաստվում արդյոք համաներում հայտարարել, նա պատասխանել էր, թե ինքը Ձմեռ Պապ չէ: Իհարկե, Սերժ Սարգսյանը Ձմեռ Պապ չէ: Բայց հենց դրա համար էլ հանրությունն ակնկալում է, որ նա կգնա համաներման, քանի որ համաներումը Հայաստանի Սահմանադրությամբ վերապահված է ոչ թե Ձմեռ Պապին, այլ երկրի նախագահին: Իսկ հանրության ակնկալիքն առավելապես պայմանավորված է մարտի 1-ի գործով ձերբակալված ընդդիմադիր գործիչների ազատ արձակման հեռանկարով: Իհարկե, որպես նրանց ազատ արձակման միջոց Համաներման տարբերակը միարժեք ընդունելություն չի գտնում հանրության եւ անգամ հենց բանտարկված գործիչների շրջանում, որոնց անգամ Եվրոպան ու Ամերիկան են արդեն համարում քաղբանտարկյալ: Շատերը կարծում են, որ իշխանությունը պարտավոր է կամ կարճել գործերը հանցակազմի եւ ապացույցների բացակայության պատճառով, կամ դատարանում արդարացնել ընդդիմության ձերբակալված անդամներին: Այսինքն, ձերբակալվածները, նրանց հարազատները, համախոհները, ընկերները, համոզված լինելով իրենց անմեղության հարցում, կարծում են, որ համաներելով ազատ արձակվելը նշանակում է այդուհանդերձ ճանաչվել հանցագործ, մինչդեռ իրենք որեւէ հանցանք չեն գործել, հետեւաբար պետք է ոչ թե ներվեն, կամ համաներվեն, այլ արդարացվեն ու ազատ արձակվեն: Այդ պահանջը միանգամայն տրամաբանական է, առավել եւս այն պարագայում, երբ նրանց մեղադրող իշխանությունը չի կարողանում արդեն մոտ ութ ամիս շարունակ ներկայացնել որեւէ հիմնավոր ապացույց, բացի ոստիկանության ցուցմունքներից, որ այդ ձերբակալված անձինք իշխանություն են փորձել զավթել: Սակայն, քանի որ առկա իրողությունը քաղաքական պրոցեսի մաս է, հետեւաբար հասկանալի է, որ այն ենթակա է փոխզիջման: Այդ առումով համաներումը կարծես թե փոխզիջման լավագույն տարբերակն է, որ կարող է լինել թե ընդդիմության, թե իշխանության համար: Անկասկած է, որ այդ տարբերակը թե ընդդիմության, թե իշխանության ճամբարներում ունենալու է ընդդիմախոսներ, որոնք կառաջնորդվեն տարբեր, այդ թվում թե միանգամայն հիմնավոր, թե նաեւ զուտ անձնապաստան փաստարկներով: Սակայն թե ընդդիմության, թե իշխանության ճամբարների համար ներկա պահին էական է գլխավորի ընտրությունը: Այսինքն, թե ընդդիմությունը, թե իշխանությունը պետք է պարզեն, թե ինչ է իրենց պետք: Ընդդիմության առումով, կարծես թե ակնհայտ է, որ ընդդիմությունը գիտե, որ պետք է ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ նաեւ կարծես նկատելի է, եթե իհարկե այդ դիտարկումը թվացյալ չէ, որ ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ Համաներման տարբերակի կիրառումով իր թիմակիցներին բանտից ազատելու հնարավորությանը, որքան էլ որ թե բանտարկյալները, թե նաեւ ընդդիմության առանձին գործիչներ այդ տարբերակի կիրառման առումով ունեն վերապահումներ: Դատելով Սերժ Սարգսյանի խոսքից, ինչպես նաեւ այն փաստից, որ նախագահն այդպես էլ չի օգտագործում համաներման մասին հայտարարելու պատեհ առիթները` Անկախության օր, նախագահական առաջին ուղերձ, Ամանոր, թերեւս կարելի է եզրակացնել, որ իշխանությունն իր համար չի կարողանում պարզել գլխավորն ու չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրեն պետք: Թվում էր, որ գոնե ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի որոշումից հետո իշխանությունը պետք է գիտակցեր, որ պետք է լուծել քաղբանտարկյալների հարցը եւ զերծ մնալ, պետությունը զերծ պահել պատժամիջոցների հեռանկարից: Սակայն տեղի ունեցավ հակառակը, եւ ոչ միայն հարցը լուծելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեցին, այլ նույնիսկ քաղբանտարկյալների հանդեպ կատարվեց բռնություն, տեղի ունեցան ծեծի դեպքեր, 7-ի գործի դատավարությանը «ներգրավվեցին» սափրագլուխներ: Իշխանության այդ արձագանքը կարող է ունենալ երկու բացատրություն: Կամ իշխանությունը բացարձակապես ունակ չէ համարժեք արձագանքել առկա իրավիճակին` կամ ռեսուրս, կամ ցանկություն չունենալու պատճառով, կամ էլ վստահ է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի որոշումը ունի բոլորովին այլ դրդապատճառ, եւ խնդիրն այդ ուղղությամբ Եվրոպային բավարարելն է, ոչ թե քաղբանտարկյալների հարցը լուծելը: «ԼՐԱԳԻՐ», 25.12.08

No comments: