Sunday, January 25, 2009

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՆԱ »

A1+ -24-1-2009- «Միջազգային ֆինանսական ճգնաժամը իր էությամբ ոչ այլ ինչ է, քան ֆինանսական հոսքերի համակարգի խցանում: Այդ խցանումով պայմանավորված վտանգվում են բոլոր երկրներն այնքանով, որքանով նրանք այդ համակարգում ունեն տեսակարար կշիռ: ՀՀ-ն գրեթե չունի տեսակարար կշիռ այդ համակարգում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Սակայն նա կարծում է, որ մեր տնտեսությունը կարող է մեծապես տուժել տրանսֆերտների նվազման պատճառով: Բացի այդ, վտանգ կա, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան: «Արդյո՞ք մեր աշխատանքի շուկան պատրաստ է ընդունել նրանց եւ ապահովել աշխատանքով»` մեր հարցին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ակնհայտորեն, մեր աշխատաշուկան դեռ ունի մեծ դժվարություններ, ավելին, ի վիճակի չի այդ մարդկանց խնդիրները հոգալ»: «Իսկ դա չի՞ բերի սոցիալական պայթյունի»` հարցերցինք. «Դա կբերի սոցիալական որոշակի լարվածության, բայց ես հակված եմ այն չգնահատելու պայթյուն»,- ասաց Բոստանջյանը: Մեր հարցապնդմանը, թե բավարար հակաճգնաժամային միջոցառումներ չեն արվում. օրինակ ինչո՞ւ հավելյալ դրամական միջոցներ չեն ներարկվում շուկա, կամ ինչո՞ւ չի վերանայվել բյուջեն, չէ՞ որ այն ընդունվեց մի իրավիճակում, իսկ այսօր բոլորովին այլ վիճակ է երկրում եւ աշխարհում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Բյուջեն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր իշխանություններն ընդհանրապես մտածում էին, որ այդ ճգնաժամը, ըստ երույթի, չի հասնելու Հայաստան, եւ բնականաբար, մենք էլ մի հզոր հնարավորությունների տեր երկիր չենք, որ բյուջեում ունենայինք լրացուցիչ մուտքեր` հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու համար, բայց բոլոր դեպքերում ասվել է եւ ես էլ ուզում եմ հավատալ, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար 250-ից 300 մլն դոլար աջակցություն պետք է լինի ֆինանսական կազմակերպություններից»: Վարդան Բոստանջյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի հորդորին արձագանքել էին մի շարք գործարարներ եւ խոստացել օգնել հայրենիքին: Բայց չէ՞ որ մինչ այժմ չկան տեսանելի, շոշափելի արդյունքներ` մեր հարցին Բոստանջյանը պատասխանեց շատ բազմանշանակ. «Այդ տեսանելի միջոցները մենք կտեսնենք շուտով, կամ չենք տեսնի», ապա ավելացրեց,-«Մենք չենք կարող 100 տոկոսանոց վստահություն ունենալ, որ բոլոր ակնկալված կամ խոստացված հնարավորություններն ու աջակցությունը ամբողջ ծավալով կարող են մտնել Հայաստան, դեռ մտնելը մի կողմ: Դրանց արդյունավետ օգտագործմանը, որ վերջինս ճգնաժամը հաղթահարելու բնույթ ունենան»: «Բայց չէ՞ որ այդ մարդկանց բիզնեսն այն երկներում է, որտեղ ֆինանսական ճգնաժամը բավականին զգայուն է». «Ա1+»-ի այս հարցին Բոստանջյանը պատասխանեց. «Այո, այդպիսի վտանգ իսկապես կա, հնարավոր է, որ ճգնաժամի խորությունը կամ դրա ամպլիտուդը այնքան մեծ լինի, որ իրենց ասած պարտավորությունները կամ խոստումները չկատարեն»: Վարդան Բոստանջյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Վարդան Բոստանջյանը շատ անհանգստացած չէ. «Այս հասարակությունը ապրել է ավելի սարսափելի պայմաններ, այդպիսի պայմաններ ապրած, գոյատեւած, ինչու չէ, նաեւ զարգացում ապրած հասարակությունը կարող է նաեւ հաղթահարել այս դժվարությունը»: Ի դեպ, Վարդան Բոստանջյանը արդարացված չի համարում դոլարի կուրսի արհեստական պահումը. «Ընդհանրապես, տնտեսությունը չի սիրում, չի էլ կարող ներել արհեստական պահպանում, դա ինչ-որ պահի զգացնել է տալու»:

No comments: