Thursday, January 22, 2009

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ «ՈՐՈՇ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ»

Էդվարդ Նալբանդյանը դեմ չէ Ցյուրիխում Մամեդյարովին հանդիպելուն Եվրոկառույցների ու Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանը փորձում է անել հնարավորը մեղմելու հետեւանքները, որ առաջացել էին հետընտրական մարտյան շրջանի զարգացումների պատճառով: Հայաստանի արտգործնախարարության գործունեության 2008-ի ամփոփումը երեկ ներկայացնելուց հետո լրագրողների` ԵԽԽՎ-ում սպասվող հունվարյան քննարկման առնչությամբ հարցերին ի պատասխան նշեց նախարար Էդվարդ Նալբանդյանը : Առավել հետաքրքրական է, որ, նախարարի խոսքերով, Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման առնչությամբ գնահատական տալու նպատակով վերջերս Երեւան ժամանած Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն «այցելության ընթացքում կարծեմ որոշ ըմբռնումով են մոտեցել հանդիպումներում» եւ այդ ըմբռնումով է, որ վերադարձել են ու, Նալբանդյանի մատուցմամբ, կներկայացնեն իրենց կարծիքը հանձնաժողովում: Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը` նախարարը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս տարածաշրջան այցելության ընթացքում ներկայացրել են նախաձեռնություն` կազմակերպելու նախարարների մակարդակով հանդիպում Ցյուրիխում, որ կնախորդի Դավոսում Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպմանը, որին համաձայնություն են տվել երկու նախագահներն էլ: Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը համաձայնություն է տվել, ինքն էլ դեմ չէ ու հուսով է, որ հանդիպումը կկայանա: Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե մոտ ժամանակներս կարող է ստորագրվել ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիր, ապա, նախարարի ներկայացմամբ, այդպիսի հնարավորություն միշտ կա, բայց ժամկետներ դնել այս բանակցությունների առումով ճիշտ չէ: Իսկ ադրբեջանական հակահայ քարոզչությանն էլ Նալբանդյանը չի պատրաստվում հաճախ արձագանքել` համարելով, որ սուտը պետք չէ այդքան մեկնաբանել: Հայ-թուրքական հարաբերությունների առումով, ինչպես նշեց Նալբանդյանը, Հայաստանը նախաձեռնող քաղաքականություն է վարում ու մնում նույն դիրքորոշմանը` սահմանի բացում եւ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների, հետո միայն միջպետական հանձնաժողովի ստեղծում, որը կարող է քննարկել երկուստեք մտահոգիչ բոլոր հարցերը: Հարցին, թե ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, Նալբանդյանը զարմանքով պատասխանեց, թե նման հարց իրեն տվել են նաեւ Թուրքիայում ասուլիսի ժամանակ: «Հարաբերությունների կարգավորումը ոչ պակաս պետք է նաեւ Թուրքիային, ի՞նչ գնի մասին է խոսքը», նշեց Նալբանդյանը, ավելացնելով. «Համատեղ ջանքերով պետք է փորձենք շրջել պատմության այդ դառը էջը, բայց ոչ թե մոռացմամբ, այլ ճանաչումով»: Հ.Գ. Մոտ ժամանակներս Հայաստան է այցելելու Վրաստանի արտգործնախարարը: Այդ երկրում հայկական եկեղեցիներին առնչվող խնդիրները, որոնց քաջատեղյակ են «Ազգի» ընթերցողները, ըստ Էդվարդ Նալբանդյանի, կքննարկվեն այդ հանդիպման ընթացքում: Ի դեպ, նախարարի տեղեկացմամբ, մոտակա ամիսներին կլինեն նաեւ թափուր մնացած դեսպանական նշանակումներ ու որոշ փոփոխություններ, որոնք նախարարը չմանրամասնեց: Azg. 22-1-2009- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: