Tuesday, January 13, 2009

«Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է սկսվել»

HayInfo. 12-1-2009- Ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է սկսվել, կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Նրա խոսքերով, ղարաբաղյան կարգավորման հարցում մոսկովյան հռչակագիրը որոշակի պարզություն մտցրեց, ինչի հաշվին «բավականին ակտիվ երկու ամիս գրանցվեց»։ Ռուսաստանի ակտիվությունը 2008 թ.-ի օգոստոսին և այդ ակտիվության ալիքում ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը որոշ չափով կանգ են առել, սակայն այսօր ակտիվացել է Արևմուտքը, որը փորձում է գործընթացն իր ձեռքը վերցնել»,- ասաց Սարգսյանը։ Քաղաքագետը կարծում է, որ 2008 թ.-ի վերջին գործընթացը կանգ է առել , ինչի առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ ծրագրում են այցելել տարածաշրջան, ինչից հետո հնարավոր կլինի խոսել հետագա շարժերի հնարավորության մասին, թեև, ինչպես կարծում է փորձագետը, որոշակի լճացում կլինի։ «Ռուսաստանը փորձում էր իր մոտեցումը թելադրել և հաջողութան հասնելուն բավականին մոտ էր, սակայն որոշակի պահից հետո ակտիվությունը նվազեց, և այսօր դժվար է խոսել կարգավորման գործընթացի առկայության մասին, որը կմոտենար ավարտին»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքերով, իրադրության որոշակի փոփոխություն հնարավոր կլինի ակնկալել համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից հետո։ Ընդ որում փորձագետը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման հնարավոր կլինի հասնել միայն բոլոր կողմերի և համանախագահների համաձայնության դեպքում։ Տվյալ առնչությամբ ղարաբաղում ևս արդեն հասկացել են հնարավոր սպառնալիքի առկայությունը և փորձել օգտագործել վերջին լծակը՝ հայտարարելով ձեռք բերված պայմանավորվածությունների անընդունելիությունը, քանի որ իրենք չեն մասնակցել բանակցային գործընթացին»,- ասաց Սարգսյանը։ Ինչպես կարծում է քաղաքագետը, Ղարաբաղի նման հայտարարությունները՝ բանակցություններում որպես կողմ իր մասնակցության անհրաժեշտության մասին, ձեռնտու են Հայաստանի իշխանություններին, որոնք հասկացել են, թե ինչպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել մոսկովյան հռչակագրի կնքումից հետո։ Իր հերթին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Երևանի դիրքորոշման մեջ անհանգստություն և վտանգավոր տարրեր է տեսնում՝ ընդ որում հույս հայտնելով, որ հասարակությունը կասի իր վերջին խոսքը։ «Չեմ կարծում, որ հապճեպ որոշում կկայացվի, քանի որ համանախագահների բոլոր հայտարարություններն ընդամենը դիվանագիտական խաղ են Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իսկ Հայաստանը դրանք չափազանց լուրջ է ընդունում»,- ասաց Բոզոյանը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: