Sunday, January 4, 2009

ԱՄԱՆՈՐՅԱ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Ամանորը ուրախ նշելու ավանդույթը միավորում է երկրագնդի բոլոր ժողովուրդներին, բայց դրա հետ կապված սովորույթները եւ մինչեւ իսկ ամսաթվերը զգալիորեն տարբերվում են միմյանցից: Ամանորը միշտ էլ ընկալվում է որպես սահմանագիծ անցյալի ու ապագայի միջեւ: Հինավուրց ժողովուրդների մոտ Նոր տարվա գալուստը կապված է եղել բնության զարթոնքի, մահաբեր ցրտի հանդեպ կենարար ջերմության հաղթանակի հետ: Հին Հռոմում, օրինակ, տարեսկիզբ էր համարվում մարտի 1-ը, բայց մ. թ. ա. 45թ. Հուլիոս Կեսարը, օրացույցի բարեփոխում անցկացնելով, տարեսկիզբը տեղափոխեց հունվար, երբ կոնսուլները ստանձնում էին իրենց պաշտոնը: Բայց հուլիոսյան տարին 11 րոպե, 14 վայրկյանով ավելի երկար էր աստղաբաշխականից, եւ, տարբերությունը վերացնելու համար, 1582թ. Գրիգորիուս 13-րդ պապը լրացուցիչ փոփոխություններ մտցրեց ժամանակի հաշվման մեջ: Գրիգորյանական անվանված օրացույցը կաթոլիկ երկրներում կիրառման մեջ դրվեց 16-րդ դարից, այժմ այն օգտագործվում է ողջ աշխարհում: Սակայն որոշ ժողովուրդներ, դրա հետ միաժամանակ, պահպանում են ժամանակի իրենց ավանդական հաշվումը եւ տոները նշում են ըստ դրա: Հրեաներն, օրինակ, անցած սեպտեմբերին նշեցին 5762թ. ամառնամուտը աշխարհի ստեղծումից ի վեր: Ռոշ-ա-Շանան՝ հրեական Նոր տարին, գրիգորյանական օրացույցում կայուն օր չունի եւ «թափառում է» սեպտեմբեր-հոկտեմբերի միջեւ: Առաջին տասը օրերը, որոնք կոչվում են Ակնկալության օրեր, հրեաների համար ամենակարեւորն են. այս օրերին Տերը որոշում է մարդու ճակատագիրը գալիք տարում: Որպեսզի հաջողությունը երես չթեքի, հրեաները խնձորի շերտը թաթախում են մեղրի մեջ ու, բերանը դնելով, մաղթում իրար «Լավ ու քաղցր տարի»: Հյուրասիրության սեղանին ընդունված է ձկան գլուխ դնելը, ինչը խորհրդանշում է տարեսկիզբը («Ռոշ-ա-Շանա» նշանակում է «տարեգլուխ»), ինչպես նաեւ միշտ առջեւում գտնվելու ձգտումը եւ ոչ թե պոչից քարշ գալը: Ինչ վերաբերում է գրիգորյանական Նոր տարուն, հրեաներն ընդհանրապես չեն նշում այն. Իսրայելում հունվարի 1-ը սովորական աշխատանքային օր է:
«ԵԹԵՐ»

No comments: