Thursday, January 22, 2009

ՀՀ մշակույթի նախարարի հավաստմամբ՝ Հայաստանի տարածքում ոչ հայկական հուշարձանները գտնվում են շատ լավ, խնամված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանի տարածքում ոչ հայկական պատկանելիության հուշարձանները գտնվում են շատ լավ, խնամված վիճակում»,-այս մասին «Արմենպրես»-ին հավաստիացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշելով, որ հանրապետության տարածքում 350 մահմեդական հուշարձաններ կան, որոնցից 15-ը մոնումենտալ են, մնացածները գերեզմանաքարեր, այդ թվում` մոնղոլական, պարսկական, թուրքմենական: Հայաստանի տարածքում մեծ թվով նաեւ ոչ հայկական պատկանելիության քրիստոնեական հուշարձաններ կան: Նախարարի հավաստիացմամբ` դրանց բոլորի պահպանությունն ու խնամքը մշտապես ուշադրության կենտրոնում է: Հ.Պողոսյանը մտահոգություն արտահայտեց Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների ոչնչացմամբ: Նա նկատեց, որ այդ երկիրը խոչընդոտում է նաեւ շահագրգիռ միջազգային կառույցների` մոնիտորինգային խմբերի այցելությանը` խնդիր ունենալով կոծկել Հին Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը: Եվրախորհրդի հանձնառությանը` խումբ ուղարկել, որը կուսումնասիրի եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հուշարձանների վիճակը, ՀՀ մշակույթի նախարարը պատասխանել է, որ հայկական կողմի մոտեցումը միանշանակ է. կարող են ուսումնասիրվել բոլոր հուշարձանները, սակայն պետք է հատկապես ուշադրություն հատկացվի Հայաստանի համար խնդրահարույց հարցերին, այն պատմամշակութային արժեքներին, որոնք ոչնչացվում են այլ երկրների տարածքում: «Եվրախորհրդի կողմից ճշգրտված չէր, թե ինչ սկզբունքով են նայվելու հուշարձանները: Եթե նորից անդրադարձ չի կատարվելու խնդրահարույց հարցերին, ապա մոնիտորինգային խմբի ուղարկումը Հայաստանին ոչինչ տալ չի կարող: Կարծում եմ, որ հայկական կողմը ճիշտ է կատարում այդ հարցադրումը, քանի որ մենք ունենք կոնկրետ խնդիրներ. Ադրբեջանի տարածքում կոնկրետ հուշարձանների վրա գործողություններ են կատարվում»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ ԵԽ-ին Հայաստանը տրամադրել է իր տարածքում գտնվող բոլոր հուշարձանների ցուցակները եւ ուսումնասիրություն, թե ինչ վիճակում են դրանք գտնվում: Հիշեցնենք, որ 2005թ-ի դեկտեմբերին ադրբեջանցի զինվորների կողմից Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացումից եւ դրա փոխարեն հրաձգարանի կառուցումից հետո Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում բարձրաձայնեց փաստի ուսումնասիրության ու դատապարտման մասին: Ադրբեջանը, սակայն, մի քանի անգամ խոչընդոտեց ԵԽԽՎ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունների մուտքը Նախիջեւան:

No comments: