Wednesday, February 11, 2009

Երեւանն ու Մոսկվան նախնական համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ տրամադրելու վերաբերյալ

/PanARMENIAN.Net/ 10.02.2009 -Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, որի համաձայն ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ՝ ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ՝ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով: Ավելի վաղ տնտեսական հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանւ հայտնել էր, որ Հայաստանին կայունացման վարկի տրամադրման համար որպես Ռուսաստանին վճարելու տարբերակ դիտարկվում է Հայաստանի՝ ռուբլու գոտի անցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը պնդի այդ հարցում, հարցը կլուծվի ՀՀ Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Երեւանն ու Մոսկվան համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար դիտարկում են վարկի ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական կողմերը: «Ամեն դեպքում ռուբլու գոտի մտնելու կամ չմտնելու հարցը որոշելու է Հայաստանի ժողովուրդը»,- ընդգծել էր Վարդան Այվազյանը:

No comments: