Wednesday, February 25, 2009

ԼՂՀ ԱԳՆ. Թոմաս դե Վաալը Բաքվին կոչ է անում Հարավային Կովկասում նոր մեծ պատերազմ ծավալել

/PanARMENIAN.Net/ 23.02.2009 - Հունվարի կեսերին մի շարք ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսներում հրապարակվել է Թոմաս դե Վաալի զեկույցը` «Ղարաբաղյան որոգայթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության սպառնալիքները եւ երկընտրանքները»: (զեկույցի նախաբանում նշվում է, որ այն հանդիսանում է որպես քննարկումների համար սեւագիր տարբերակ): Զեկույցում քննարկվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման ֆորսմաժորային սցենարները եւ հանձնարարություններ են տրվում ինչպես հայկական եւ ադրբեջանական կողմերին, այնպես էլ միջնորդներին: Ըստ հեղինակի, իր աշխատանքի նպատակն է եղել համոզել կողմերին, որ «նրանցից ոչ մեկը չի կարող լրիվությամբ «հաղթել» ղարաբաղյան հակամարտության մեջ»: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ վերլուծական ծառայության մեկնաբանության մեջ: «Ավելի ընդարձակ համատեքստում հեղինակի նպատակն է եղել համոզել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին ներկայիս ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մեջ: Հեղինակի խնդիրը բարդացել էր նրանով, որ ներկայիս իրավիճակը այս կամ այն չափով ձեռնտու է ինչպես հակամարտությանը անմիջականորեն ներգրավված կողմերին, այնպես էլ ուժի հիմնական կենտրոններին: Այս հանգամանքները ազդեցին, որպեսզի հեղինակը փաստարկներ եւ դրույթներ ներկայացնի, որոնք մեծամասամբ դեկլարատիվ բնույթ էին կրում եւ ամրագրված չէին իրական փաստերով ու հաճախ իրարամերժ էին: Հեղինակի կողմից որպես հայկական կողմին համոզելու միջոց էր ընտրվել «ահաբեկման մարտավարությունը»(Scare Tactics): Մասնավորապես «Իրավիճակը տարածաշրջանում. հայկական կողմը» բաժնում հեղինակը փորձել է առավել մութ երանգներով պատկերել Հայաստանի զարգացման հեռանկարները` օգտագործելով հետեւյալ ձեւակերպումները` «Հայաստանի մեկուսացվածությունը», «Հայաստանի խոցելիությունը նրա փակ սահմանների ներսում», «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար իրական վտանգ է ներկայացնում», «Այս տարի (2008թ.) սննդամթերքի եւ վառելիքի գները շարունակում են աճել», «Ռուսաստանը շարունակում է սուբսիդավորել գազի արտահանումը Հայաստան», «զարգացման տասնամյա եռուզեռը ավարտին է հասնում», «Հայաստանը մեկուսացման մեծ փուլ է մտնում» եւ այլն: Միեւնույն ժամանակ Ադրբեջանում իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներկայացվում. «Շնորհիվ նավթի իր մեծահարուստ պաշարների, Ադրբեջանը փոխվում է աչքի առաջ», «երկրի միջազգային հեղինակությունը այսօր անհամեմատ ավելի ծանրակշիռ է», «Բաքվում մեծաշուք ռազմական շքերթ է տեղի ունեցել», «Ադրբեջանը ամբողջ աշխարհին ցուցադրեց իր նոր ձեռք բերած ռազմական հզորությունը»: Նմանատիպ հունով է ընթանում Ադրբեջանի եւ Հայաստաի ռազմական ներուժի համադրությունը: Ադրբեջանի դեպքում հեղինակը օգտագործում է այնպիսի պնդումներ, ինչպիսիք են «2008թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն երեք անգամ գերազանցեց Հայաստանի ռազմական բյուջեին», «Ադրբեջանը մեծ քանակությամբ նոր ռազմական տեխնիկա է գնում», «ամերիկյան եւ թուրքական հրահանգիչները անձնակազմի հետ նախապատրաստական աշխատանքներ են տանում»: Իսկ Հայաստանը արժանացել է միայն մեկ դրական գնահատականի` «հայկական զինված ուժերում գոյություն ունեն ավելի խոր ռազմական ավանդույթներ, եւ նրանք շարունակում են հայկական հասարակության մեջ գլխավոր դեր խաղալ»: Սակայն այն անմիջապես հարթաչափվել է այն պնդումով, որ «դա իր հերթին բերում է տնտեսության մեջ կաշառակերության եւ աղճատման»:Պետության ռազմական հզորությունը ռազմագիտական հետազոտությունների ամենաարդիական խնդիրներից է: Այս խնդրի լուծման մեթոդաբանությունը դյուրին չէ, քանի որ հարցը վերաբերվում է տարբեր ռեսուրսներ բնութագրող տարաբնույթ ցուցանիշների»,- ընդգծվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ: Նաեւ նշվում է, որ տեխնիկական առումով երկու երկրների պոտենցիալների համադրությունը զեկույցի հեղինակի կողմից իրականացվել է` սահմանափակվելով ՌՕՈՒ ավիացիոն կայանատեղիների եւ համազարկային կրակի խոշոր տրամաչափի ռեակտիվ կայանքների համեմատությամբ, որի արդյունքում հեղինակը եկել է այն եզրակացության, որ «հայկական ԶՈՒ տեխնիկական բազան անհամեմատ ավելի համեստ է»: «Միաժամանակ պետության ռազմական հզոորությունը իր մեջ է ներառում մի քանի պոտենցիալներ` տնտեսական, գիտական, բարոյա-հոգեբանական, սոցիալական: Հեղինակը նշվածներից միայն երկուսին է անդրադարձել, այն էլ` մակերեսորեն: Իսկ առանց նշված ոլորտների ամբողջության վերլուծության, հազիվ թե հնարավոր է օբյեկտիվ գնահատական տալ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական հզորությանը: Նմանատիպ համեմատությամբ հեղինակը ձգտում է գլխավոր դերակատարներին տանել ստատուս քվոի պահպանման անհնարին լինելու մտքին, քանի որ «պարտված կողմը ավելի ու ավելի վստահ է զգում եւ անհամբերությամբ տենչում է փոխել այն իր օգտին»: Միեւնույն ժամանակ զգուշանալով, որ տվյալ զեկույցում ներկայացված իրավիճակի վերլուծությունը կարող է Ադրբեջանում ռեւանշիստական ուժերի օգտին գործել` զեկույցի հեղինակը նախազգուշացնում է նրանց խուսափել շտապ եզրակացություններից. «Այս վերլուծության վերջում կցանկանայի ասել, որ Ադրբեջանի համար հակամարտության ռազմական լուծման ռեալ իրականացում գոյություն չունի, եւ որ ռազմական հարձակումը կարող է երկրի համար ողբերգության վերածվել»: Զեկույցում նաեւ քննարկվում են պատերազմի երեք հավանական տարբերակներ (սցենարներ): Ռազմական տեսանկյունից տվյալ մոդելավորումը հազիվ թե հետաքրքրություն ներկայացնի, քանի որ մակերսային բնույթ է կրում եւ վեր է ածվում ընդհանուր արտահայտությունների: Ընդհանուր առմամբ Թոմաս դե Վաալը, լիովին արդարացնելով իր ազգանունը, փորձագետ-խաղաղարարի դիմակի տակ փաստորեն կոչ է անում Ադրբեջանին նոր մեծ պատերազմ սանձազերծել Հարավային Կովկասում: Միեւնույն ժամանակ նրան թվում է, որ նա եւ իր նմանները դրա համար ոչ մի պատասխանատվություն չեն կրելու: Բայց դա նրան միայն թվում է... »,- ասվում է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

No comments: