Saturday, May 12, 2012

Nabucco-ի շինարարությունը կարող է սկսվել 2015թ.-ին. OMV

Tert.am. 11-5-2012- Nabucco գազատարի շինարարությունը, որով կասպյան տարածաշրջանից գազ կհասցվի եվրոպական երկրներ, կարող է սկսվել 2015թ.-ին, գրում է Bloomberg-ը` վկայակոչելով գազատարի նախագծի մասնակից ավստրիական OMV ընկերության գազային վարչության տնօրեն Հանս Փեթեր Ֆլորենին: «Եթե ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման աշխատանքներն իրականացնող գործընկերները հաջորդ տարի որոշում ընդունեն գազատարի երթուղու մասին, ապա շինարարությունը կարող է սկսվել 2015-ին և ավարտվել 2018-ին»,- Վիեննայում ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է Ֆլորենը: OMV ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսի խոսքով, ով Nabucco-ի բաժնետեր է, այս նախագիծն այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է: Ընկերությունը փետրվարին հայտարարել էր, որ ExxonMobil Exploration and Production Romania-ի հետ համատեղ Սև ծովի ռումինական շելֆում հայտնաբերել է գազի զգալի պաշարներ: Հաղորդվում էր, որ այդ հանքավայրը կարող է դառնալ ամենախոշոր գազային բացահայտումը OMV-ի ողջ պատմության ընթացքում: Ռոյսը նաև ընդգծել է, որ կարող է իրագործվել Nabucco նախագծի նոր հայեցակարգը` Nabucco West-ը, որը ենթադրում է գազատարի կառուցում թուրք- բուլղարական սահմանից: Սկզբնական հայեցակարգը ենթադրում է գազատարի կառուցում վրաց-թուրքական ու իրաքա- թուրքական սահմաններից դեպի Ավստրիայի Բաումգարտեն պահեստարանը: Գազատարը, ինչպես սպասվում է, կանցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի ու Ավստրիայի տարածքներով: Այսօրվա դրությամբ` նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV, հունգարական FGSZ, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas ու գերմանական RWE ընկերությունները: Սակայն ավելի վաղ հունգարական MOL-ը, որը FGSZ գազատրանսպորտային ընկերության սեփականատերն է, հայտնել է նախագծում իր մասնաբաժինը վաճառելու պատրաստակամության մասին: Գազատարի երթուղու մասին վերջնական որոշում կկայացվի 2013-ին:

No comments: