Sunday, February 8, 2009

Ո՞Վ, Ո՞ՒՄ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՒՄ

2008թ. վերջին օրերին մի խումբ թուրք մտավորականներ հիմնելով ozur diliyorum` «ներողություն եմ խնդրում», կայքէջը, որպես անհատ մարդիկ, իհարկե, եթե հավատանք, որ թուրքիայի պետության մատը, ընդհանրապես, խառնված չէ այս հարցում, հայ-թուրքական թշնամական դիրքորոշումները մեղմացնելու նպատակով, առանց իսկ ցեղասպանություն բառը արտահայտելու, անձնապես ներողություն խնդրեցին հայերից: «Խիղճս չի տանում 1915թ.-ին Օսմանցի Հայերի կրած Մեծ Աղետի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունն ու ժխտումը: Մերժում եմ այդ անարդար վերաբերմունքը, ինձ բաժնեկից համարում Հայ եղբայրներիս եւ քույրերիս զգացումներին ու վշտին եւ իմ կողմից ներողություն եմ խնդրում նրանցից», ասված է հիշյալ կայքէջում, որի տակ ցայժմ ստորագրել են մոտ 29 հազար թուրքեր:1 Թուրք ազգայնականների հակաքայլը չուշացավ: Նրանք փոխադարձ մի կայքէջ բանալով հայտարարեցին, որ ոչ թե թուրքերը հայերից, այլ հայերը թուրքերից պիտի ներողություն խնդրեն եւ իրենց ազգակիցներին հրավիրեցին ստորագրել արտառոց այդ հայտարարության տակ, որ ինչպես սպասվում էր մեծ թվով «մարդիկ» (116340) իրենց ստորագրությունը դրին այդ կայքէջում: 2 Կարճ ժամանակ անց, մի խումբ հայ մտավորականներ (հիմնականում ֆրանսահայ եւ կանադահայ) շնորհակալական խոսք ուղղեցին իրենց թուրք գործընկերներին, որոնք նախաձեռնել էին հայերից ներողություն խնդրելու ստորագրահավաքի արշավը, համոզված լինելով, որ թուրք մտավորականներն այդ նախաձեռնությամբ հայտնվելու են ազգայնամոլների նշանակետում: 3 Հայկական կողմի այս քայլը, նույնիսկ, կարելի է ընդունել որպես դիվանագիտական ժեստ, անկախ նրանից, թե ովքեր են ստորագրողները եւ ինչքանով են հավատացած եղել Հայ Դատի իրավացիությանը: Սակայն, հարցն այսքանով չի փակվում: Թուրքիայի իշխանությունները, նախնիների նման, կտրականապես, հերքում են Հայոց Ցեղասպանությունը եւ «1915-ի դեպքերի» համար հիմնականում մեղադրում հայերին: Նրանք անիմաստ են համարում «ոչինչ բանի համար» ներողություն խնդրելը: Այդ կարծիքին է նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լողօղլուն: «Ներողություն խնդրել ուրիշներից մի հանցանքի համար, որի մեղավորներն անհայտ են, ճիշտ չէ: Էլ չեմ խոսում այն մասին, որ հայկական կողմը հանցանքի ողջ պատասխանատվությունը բարդում է թուրք ազգի վրա», ասում է Ֆարուք Լողօղլուն եւ առաջադրում մի նոր տարբերակ, շեշտելով, որ. «Եթե անհրաժեշտ է ներողությունն, ապա դա պետք է փոխադարձ կատարվի»: Թուրքական այս վերջին զառանցումը, զարմանալի արագությամբ, ընդառաջվեց, աշխարհի տարբեր ծայրերում հաստատված, երկու հայի կողմից: Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս եւ հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ դոկտ. Արմեն Կաքավյանն ու նրան աջակցող ամերիկահայ պրոֆ. Դեննիս Փափազյանը իրենց իրավունք են տալիս «20-րդ դարի սկզբներին անմեղ մարդկանց դեմ հայկական խմբավորումների ձեռնարկած սպանությունների եւ ԱՍԱԼԱ-ի գործունեության համար ներողություն խնդրել թուրքերից», այն էլ ոչ թե անձնապես, ինչպես վարվում են թուրքերը, այլ միանգամայն հայ ժողովրդի անունից, չէ՞ որ «ամեն մի հայ մի իշխան է»: Այդ մասին, փետրվարի 1-ի համարում, տեղեկացրել է թուրքական «Ռադիքալ» թերթը, ընդգծելով, «Թուրքիայում լուրջ բանավեճերի պատճառ դարձած «հայերից ներողություն եմ խնդրում» ստորագրահավաքը ներշնչանքի աղբյուր դարձավ հայ մտավորականների համար»: Ըստ «Ռադիքալի», հայ պրոֆեսորների կողմից, ստորագրության համար կներկայացվի հետեւյալ տեքստը. «Կատարված սպանությունների համար հայ ժողովուրդի անունից ներողություն եմ խնդրում, վշտակցում եմ այն անմեղ օսմանցիներին եւ թուրքերին, որոնք կրել են սպանությունների վիշտը»: Զարմանալի է, բայց իրականություն: Քաղաքականությունից չնչին իսկ հոտ չառած, նման մարդիկ միայն կարող են այսքան հանգիստ եւ անփույթ ոտքի տակ տալ սեփական ազգի հերոսական պատմությունը եւ միայն ու միայն մտածել «հաշտության» մասին` ահա թե ինչպես կարելի է Սարդարապատի ազգային մեծ հաղթականը փոխարինել Բաթումի խայտառակ «հաշտության» հետ: Հայ ժողովրդի դյուցազնների փաղանգը` Զորավար Անդրանիկ, Սերոբ Փաշա, Քաջն Մուրադ, Գարեգին Նժդեհ, Հրայր Դժոխք, … Սողոմոն Թեհլերյան, Գուրգեն Յանիկյան, Հակոբ Հակոբյան, Լեւոն Էքմեքճյան, Զոհրաբ Սարգսյան, Մկրտիչ Մատարյան, Սուրիկ Գրիգորյան, Վարդան Շիրվանյան, Վաչե Դաղլյան, Արա Քերջըլյան ու էլի շատ-շատ ուրիշներ, յուրաքանչյուրը իր ժամանակին կյանքի գնով կռվել է թշնամու դեմ` Վասն Հայության ու Հայաստանի եւ դրա համար ո'չ այսօր, ո'չ էլ որեւէ այլ ժամանակ հայը ներողություն չպիտի խնդրի: Էդ ե՞րբ եւ ո՞վ է տեսել, որ զոհը ներողություն խնդրի իր դահճից… Իրակնությունն այնքան պարզ է ու ցցուն, որ այսօր նույնիսկ թուրքերն են խոստովանում այդ մասին` թուրք փաստաբան` Էրեն Քեսքինը, «Ռադիքալ» թերթին, այդ առնչությամբ ասում է. «Հայերը ներողություն խնդրելու որեւէ բան չունեն: Ըստ իս, ներողություն պետք է խնդրի հենց թուրքական պետությունը»: Թող արմեն կաքավյաններն ու դեննիս փափազյանները թուրքից դաս առնեն ու նաեւ հասկանան, որ աշխարհի մյուս ծայրից, հայրենիք բռնագրավող ու ազգ կոտորող պետության ժառանգորդների հետ խոսելն, ընդհանրապես, քաջություն չի պահանջում, այլ միայն իրավունքի հասկացողություն, որի համար նախ եւ առաջ պիտի ազատվել ստրկամտությունից: 1- http://www.ozurdiliyoruz.com/ 2- http://www.ozurbekliyorum.com/ 3- http://www.keghart..com/node/258 «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ. Համար 187

No comments: