Sunday, February 8, 2009

Արամ կաթողիկոսը 2009-ը հռչակեց «Երիտասարդության տարի»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երկարաշունչ մի գրությամբ, որն ընթերցվեց Անթիլիասին ենթակա բոլոր եկեղեցիներում, ընթացիկ տարին կոչեց «Երիտասարդության տարի»: Վեհափառ Հայրապետը 19 էջանոց իր գրության մեջ գրում է. «Ինչպէս գիտէք, վերջին վեց տարիներուն Մեր որդեգրած աւանդութեան համաձայն, իւրաքանչիւր տարին կը հրաւիրենք մեր ժողովուրդի զաւակները լուսարձակի տակ բերելու մեր հաւաքական կեանքին առնչուած նուիրական արժէք մը, լուրջ մարտահրաւէր մը կամ հիմնական մտահոգութիւն մը՝ մեր ազգային¬եկեղեցական կեանքը աւելի՛ կազմակերպելու, մեր հոգեւոր ինքնութիւնը աւելի՛ ծաղկեցնելու ու հայեցի դիմագիծը աւելի՛ պայծառացնելու հեռանկարով: Այս նախանձախնդրութենէն մղուած, 2003 տարին հռչակած էինք «Աստուածաշունչի Տարի», 2004ը՝ «Ընտանիքի Տարի», 2005ը՝ «Ազգային Պահանջատիրութեան Տարի», 2006ը՝ «Հայ Դպրոցի Տարի», 2007ը՝ «Հայ Լեզուի Տարի», 2008ը՝ «Քրիստոնէական Դաստիարակութեան Տարի»: Նոյն սպասումով, 2009 տարին կը հռչակենք՝ «Երիտասարդութեան Տարի»: Արամ կաթողիկոսը նշում է. «Արդ, 2009 տարին Երիտասարդութեան Տարի հռչակելը պարագայական կամ ձեւական երեւոյթ մը չէ: Երիտասարդութիւնը մեր եկեղեցւոյ ու ազգին համար առաջնահերթ մտահոգութիւն է, ու պէտք է դառնայ, իր լուրջ տագնապներով ու արդար սպասումներով, իր հարուստ կարողականութեամբ ու իւրայատուկ դերակատարութեամբ»: Վեհափառը շեշտելով, որ հայ երիտասարդն ունի իր խոսքն ու նաեւ իր սպասումները, եզրակացնում է՝ «ա) Հայ երիտասարդութիւնը ամէն բանէ առաջ կը սպասէ որ լուրջ մօտեցում ունենանք իր նկատմամբ… բ) Երիտասարդութիւնը կը սպասէ որ մասնակցողի՛ դերին մէջ ըլլայ եւ ոչ հետեւողի… գ) Երիտասարդութիւնը նաեւ կը սպասէ որ մեծերը միայն չթելադրեն կամ չհրահանգեն, այլ խօսին իր հետ, լսե՛ն զինք»: Հ.Գ.- Նախորդ տարիներում, անվանակոչումների համաձայն որոշ տեղաշարժեր նկատեցինք թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի կողմից ձեռնարկված քայլերում, որոնց արդյունքում համայնքն հարստացավ հոգեւոր գրականությամբ, ըտանեկան կյանքին վերաբերող հանդիպումներով, Հայ գրքի ցուցահանդեսներով եւ իհարկե քրիստոնեական դաստիարակության հետ կապված լայնածավալ աշխատանքներով, որոնց առիթով կարելի է ողջունել Սրբազան Հորը: Սակայն ինչ վերաբերում է ազգային պահանջատիրությանն ու հայ դպրոցին պետք է խոստովանել, որ ոչ միայն զարգացում չենք արձանագրել, այլ ընդհակառակը: Հայ դատի անունով, Արամ վեհափառի ձեռամբ, ազգային բյուջեից որոշ կլոր գումար հատկացվեց դաշնակ կուսակցության, նույն կերպ վարվեցին նաեւ թեմերը: Կարծես էլ ոչ մի կազմակերպություն այդ հարցով մտահոգված չէ: Իսկ հայ դպրոցը փաստորեն նահանջ ապրեց՝ փակվեց «Քուշեշ-Դավթյան» դպրոցը եւ ոչ-հայկական դպրոցներ հաճախող աշակերտության թիվն էլ ավելի բարձրացավ: Արդարեւ, երբ Արամ կաթողիկոսը շեշտում է, որ «հայ երիտասարդը սփիւռքի մէջ հայ մնալը պէտք է նկատէ ամէնօրեայ պայքար», հարց է առաջանում թե որն է ազգային իշխանությունների դերը այդ խնդրում՝ միայն բոցաշունչ ու թեժ ազգայնական լոզունգներ տալը, թե՞ նաեւ ինչ-որ գործնական քայլերի դիմելը: «ԱՐԱՔՍ» Շաբաթաթերթ. Համար 187

No comments: