Անկարայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան
«ԱԶԳ» 14-3-2009- Ապրիլի 6-7-ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիա կայցելի նախագահ Բարաք Օբաման: Որքան մոտենում է այցելության օրը, այնքան մեծանում է այցի նկատմամբ հետաքրքրությունն ու պարզվում են ծրագրի մանրամասները: Թուրքական պաշտոնական աղբյուրների եւ մամուլի տեղեկությունների համաձայն, ապրիլի 6-ին ԱՄՆ-ի նախագահը կլինի Անկարայում, որտեղ կհանդիպի թուրք պաշտոնակցի` Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա ելույթ կունենա Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում:
Սա նշանակում է, որ Անկարայում Օբաման կհանդիպի նաեւ Մեջլիսի նախագահ Քյոքսալ Թոփթանի հետ, իսկ հաջորդ օրը` ապրիլի 7-ին, Ստամբուլում կմասնակցի «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության երկրորդ ֆորումի աշխատանքներին: Դեռեւս բաց է մնում «Օբաման իսլամական աշխարհին ուղերձ կհղի՞, եթե այո` Ստամբուլից, թե՞ Անկարայից» հարցի պատասխանը: Սակայն նրա այցը, անկախ հարցի պատասխանից, չափազանց կարեւոր է նաեւ տարածաշրջանի երկրների, մասնավորապես Սիրիայի եւ Իրանի համար, որքան էլ պաշտոնական Թեհրանը մերժի Վաշինգտոնի հետ հարաբերություններում Անկարայի միջնորդությունը:
Ինչ վերաբերում է այդ ծրագրի մանրամասներին, ապա դրանց էլ առանձնակի նշանակություն է տալիս Անկարան, ցեղասպանություն բառի արտասանումը ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ավանդական ելույթում կանխելու ակնկալիքով: Թուրք լրագրողների բոլոր հարցերը Թուրքիայի արտգործնախարարին, նախարարության աշխատակիցներին, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին, ինչպես նաեւ Թուրքիա այցելող Օբամայի վարչակարգի ներկայացուցիչներին, անխտիր հանգում են Հայոց ցեղասպանությանը եւ դրա առթիվ Օբամայի ելույթին:
Մարտի 13-ին, Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, Թուրքիա է մեկնել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: Թեեւ այցի նպատակը նավթի եւ բնական գազի միջազգային 8-րդ համաժողովին մասնակցելն է, բայց եւ այնպես թուրք լրագրողները Բրայզային հիշեցրել են նախագահ Օբամայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումն ու հարցրել. «Ապրիլի 24-ին նախագահը 1915- ի իրադարձությունները որպես ցեղասպանություն կբնութագրի՞, թե՞ ոչ»: Բրայզան ասել է. «Հարցին չեմ կարող պատասխանել: Չեմ էլ կարող իմանալ, թե նախագահը ինչ որոշում կընդունի: Սակայն մենք կատարյալ աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ու հարաբերությունների նորմալացման գործընթացին: Միաժամանակ առկա է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ավելի մեծ առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը: Առաջընթաց կա, սակայն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք»:
Մինչ Բրայզան Անկարայում պատասխանում էր թուրք լրագրողների հարցին, Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայամետ 4 անդամներ համատեղ նամակով դիմում են նախագահ Օբամային, շնորհակալություն են հայտնում նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումի համար եւ պահանջում, որ նա կատարի «1915-ի իրադարձությունները որպես «ցեղասպանություն» բնութագրելու» իր խոստումը, ավելացնելով. «Ներկայումս Սուդանում թե պատմության մեջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն կատարած բոլոր հանցագործներն ու նրանց զոհերը պետք է իմանան, որ Միացյալ Նահանգները չի խուսափելու իրողության ճանաչումից»:
Նամակը, ըստ թուրքական կայքէջի, ստորագրել են դեմոկրատ կոնգրեսականներից Ադամ Շիֆը եւ Ֆրենկ Փալոնը, իսկ հանրապետականներից` Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Քիրքը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment