Tuesday, December 20, 2011

«ԵԹԵ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԻ, ԱՄԵՆՈՒՐՔ ԿՊԱՏՄԵՆՔ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ»

Հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն
«ԱԶԳ», 20-12-2011- Դեկտեմբերի 18-ին Կոնիայում, մասնակցելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի Եվրոմիության հետ ներդաշնակության հանձնաժողովի կազմակերպած միջոցառմանը, արտգործնախարար Դավութօղլուն, «Հաբերթուրքի» վկայությամբ, սպառնացել է Ֆրանսիային: Սպառնալիքի պատճառը Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող ֆրանսիական օրինագիծն է:
Ըստ թուրքական թերթի, Դավութօղլուն ասել է. «Մենք աշխատում ենք մեր երկրում ընդարձակել ազատությունների ոլորտը, մինչդեռ Ֆրանսիան փորձում է այդ ոլորտի սահմանափակման որոշումներ ընդունել: Խոսքի ազատությունը սահմանափակող, մեր ժամանակների ոգուն հակասող այս օրինագիծը անհարիր է Ֆրանսիային եւ Եվրոպային: Ֆրանսիան այս օրինագծով նոր դոգմաներով հետ է բերում միջնադարի խավարը: Ֆրանսիան սպառնալիքի տակ է դնում ֆրանսիական եւ Եվրոմիության արժեքները: Մենք վստահ ենք մեր անցյալից, կարիք չկա, որ մեր անցյալը ուրիշները սովորեցնեն եւ ազատությունները սահմանափակող որոշումներ ընդունեն: Մեր կարծիքովՙ այս օրինագիծը սոսկ Թուրքիային ուղղված չէ, այլ համամարդկային արժեքները ոտնահարող նախաձեռնություն է: Օրենքի ուժ ստանալու դեպքում մի՞թե ձերբակալվելու են Ֆրանսիա այցելող բոլոր թուրք գործիչներն ու դիվանագետները: Օրինագծի հաստատումով Եվրոպան վերադառնալու է միջնադարյան դոգմաներին»:
Նա Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի հետ հանդիպմանն առնչվող հարցին ի պատասխան, ասել է. «Մենք պատրաստ ենք բոլոր արխիվները բացելու միջոցով բացահայտել ճշմարտությունը: Պատրաստ ենք առերեսվել պատմության հետ: Եթե Ֆրանսիան ընդունի օրինագիծը, ապա ամեն տեղ, ուր որ գնալու լինենք, կպատմենք ֆրանսիական գաղութատիրության անմարդկային էության մասին»:

No comments: