Wednesday, March 18, 2009

Դատախազը Վարդան Ջհանգիրյանի համար պահպանջեց 6 տարվա ազատազրկում

«Ազատություն» 18-3-2009- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ Վարդան Ջհանգիրյանի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը եւ Վարդան Ջհանգիրյանի համար պահանջեց վեց տարի ազատազրկում` 5-տարին պայմանականորեն չկիրառելու եւ փորձաշրջան սահմանելու պայմանով: Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ` կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրում, որի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում: Վարդան Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, մեղադրող կողմը, ինչպես եւ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, խեղաթյուրել է ապացույցները: «Խայտառակ ելույթ ունեցավ մեղադրողը», - ասաց Սահակյանը: - «Գագիկ Ջհանգիրյանի գործով իր ելույթից հետո, երբ որ նա բազմաթիվ խեղաթյուրված ապացույցներով ներկայացրեց իր ելույթը... կարծում էի, որ գոնե Վարդան Ջհանգիրյանի [գործով] իր ելույթում այդ սխալները թույլ չէր տա»: Լուսինե Սահակյանը ասաց, որ Վարդան Ջհանգիրյանը սկզբում չի կարողացել ներկայանալ դատարան առողջական խնդիրների պատճառով: Նա տառապում է ողնաշարի տուբերկուլյոզով, եւ նրա համար անկողնային ռեժիմ է սահմանված: Պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին քննարկել Վարդան Ջհանգիրյանի` բուժման նպատակով արտերկիր մեկնելը թույլատրելու հարցը, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե ամբաստանյալի բացակայությամբ չի կարող այդ հարցը քննել: Պաշտպանական կողմը միջնորդել է արտագնա նիստ կազմակերպել, սակայն դատավորը կրկին մերժել է: Եվ երբ պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել եւ ի վերջո ապահովել Վարդան Ջհանգիրյանի ներկայությունը դատարանի դահլիճում, դատարանը, պատճառաբանելով, թե այդ հարցը քննելու փուլը չէ, Վարդան Ջհանգիրյանի արտերկիր մեկնելու հարցը կրկին չի քննել` հնարավորություն տալով մեղադրողին ճառով հանդես գալ: Տաթեւիկ Լազարյան

No comments: