Thursday, March 19, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

«ԱԶԳ» 19-3-2009- Մարտի 17-ին հայերի հետ բարեկամության խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել Հայոց ցեղասպանության նոր բանաձեւ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆի գրասենյակը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձեւը պատրաստել են դեմոկրատ կոնգրեսականներ Շիֆը եւ Ֆրենկ Փալոնը, հանրապետականներ Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Քիրքը: Բանաձեւն առ այսօր ստորագրությամբ պաշտպանել են երկու կուսակցությունների 77 կոնգրեսականներ: Բանաձեւում նշվում է, որ «պատմական ճշմարտություններն ակնհայտ են եւ փաստագրված, հետեւաբար վիճարկման ենթակա չեն», որտեղ 1915-ի իրադարձությունները բնութագրվում են որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» եւ «1915-ի իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն ճանաչելու» կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ ամերիկյան պետությանը: Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության դնելու համար բանաձեւը պետք է հաստատվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նշելով այդ մասին, Նյու Յորքի turkishny.com կայքէջը հետահայաց անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախորդ բանաձեւին, որը թեեւ 2007-ի հոկտեմբերին հանձնաժողովը հաստատել էր, սակայն նախագահ Ջորջ Բուշի եւ նրա վարչակարգի միջամտության պատճառով քվեարկության չէր դրվել Ներկայացուցիչների պալատում: Իսկ 2008-ի նոյեմբերին տեղի էին ունեցել ընտրություններ, որոնց հետեւանքով նորոգվել էր Կոնգրեսի կազմը եւ բանաձեւը կորցրել էր ուժը: Այսինքն, նոր բանաձեւը պատրաստվել է նախորդի փոխարեն, որի հեղինակներն անցյալ շաբաթ նամակով դիմել էին նախագահ Օբամային, պահանջելով, որ նա կատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումը:

No comments: