
Լրագիր-18-3-2009- Պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը մարտի 18-ին խորհրդարանի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում հարց է ուղղել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչու Հայաստանը չի արձագանքել ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է Ղարաբաղի հակամարտությանը եւ որը նույն կերպ արտացոլված է նաեւ Ադրբեջանին վերաբերող զեկույցի մասում:
"Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Եթե Դուք նկատի ունեք տարածքային ամբողջականության մասին, այսինքն շեշտադրումը այդ զեկույցի մեջ, որը կար, ապա բազմիցս հայտարարվել է, դրանից առաջ եւ դրանից հետո եւ այսօր նաեւ դուք կարող եք գտնել կայքէջում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը այս հարցում հիմնված է երեք սկզբունքների վրա: Դա է` ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Եվ համապատասխան այդ զեկույցի մեջ տեղադրված այդ ձեւակերպումը, չեմ կարծում, թե դա արտահայտում էր իրենց դիրքորոշումը հենց Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Նրանք, ովքեր զբաղվում են Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, բազմիցս արտահայտել են, եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ Միացյալ Նահանգների", հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Երբ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ խոսքն այն մասին է, որ զեկույցում նշվել է ադրբեջանական տարածքների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի մասին, Էդվարդ Նալբանդյանը ասել է, թե տարածքային ամբողջականության վերաբերյալ իր պատասխանը վերաբերում էր հենց դրան:
Ի դեպ, հատկանշական է, որ ԱՄՆ պետդեպի զեկույցը խոսել է միայն տարածքային ամբողջության մասին, լռելով ամերիկյան կողմի դավանած մյուս երկու սկզբունքների մասին, որոնք հիշատակում է նախարար Նալբանդյանը:
No comments:
Post a Comment