Thursday, March 19, 2009

Գագիկ Ջհանգիրյանը դատարանում ելույթ ունեցավ «Մեղադրական ճառով»

«Ազատություն» 18-3-2009- Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ելույթ ունեցավ պաշտպանական ճառով, որը վերնագրել էր` «Մեղադրական ճառ»: Շարադրանքը սկսելով 2008-ի փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքում իր ունեցած ելույթից, Ջհանգիրյանը ներկայացրեց ընտրական եւ նախընտրական բոլոր գործընթացները սկսած 2007-ի սեպտեմբերի 21-ից: «Վերը շարադրվածը ռեժիմի պարագլուխների ապագա մեղադրական եզրակացության համառոտագիրն է», - իր ճառը բնորոշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը: Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ ընդդիմության ներկայացուցիչների ու նրանց համակիրների նկատամամբ, իր բնորոշմամբ` «իրականացվող քաղաքական ու քրեական հետապնդումներին»: Գլխավոր դատախազի նախկին տեղակալի գնահատմամբ, փետրվարի 23-ին իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելը, դասային աստիճանից զրկելը, իսկ նույն օրը երեկոյան իր նկատամամբ «սպանության սադրանք իրականացնելը», իսկ հետո բերման ենթարկելն ու կալանավորելը մեկ նպատակ էր հետապնդում. - «Պատժել ոչ միայն ինձ, այլեւ, իմ օրինակի վրա, բոլոր պաշտոնյաներին, քաղծառայողներին զգուշացնել. եթե Ջհանգիրյանի հետ այսպես են վարվում, ինչպես կվարվեն նրանց հետ, եթե հանկարծ որոշեն միանալ ընդդիմությանը»: Եզրափակելով 32 էջ ծավալով ելույթը, Ջհանգիրյանը հայտարարեց. - «Ես լուծեցի իմ առջեւ դրված հետազոտական խնդիրը: Բացահայտեցի ու դատարանին ի ցույց դրեցի իմ դեմ հարուցված կեղծ քրեական հետապնդման քողարկված շարժառիթները: Իմ նկատմամբ հարուցված քրեական ու քաղաքական հետապնդումների վերը բացահայտված պատճառները, պայմաններն ու շարժառիթները մեծ մասամբ տարածելի են իմ քաղաքական բանտարկյալ ընկերների նկատմամբ իրականացված ու շարունակվող շինծու քրեական հետապնդումների վրա»: Վերջին խոսքի փոխարեն իր ելույթում Գագիկ Ջհանգիրյանը արդարադատություն պահանջեց դատարանից: Ջհանգիրյանի ելույթից հետո դատական նիստը նախագահող Ժոռա Վարդանյանն անցավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհարապարկվի մարտի 23-ին: Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով («իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»), ձերբակալվել է 2008 թվականի փետրվարի 23-ին այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում: Կարինե Քալանթարյան

No comments: