Wednesday, March 18, 2009

«Ժառանգություն». Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է առաջինը լիներ քաղաքապետի պաշտոնի թեկնածուների ցուցակում

/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - «Ժառանգություն» կուսակցությունը, հասկանալով Երեւանի քաղաքապետի ընտրությունների կարեւորությունը, դեռեւս փետրվարի 21-ին իր հերթական նիստում դիմեց Հայ ազգային կոնգրեսին` առաջարկելով հանդես գալ միասնական թեկնածուով եւ միասնական ցուցակով Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում: 22-օրյա լռությունից հետո մենք ստացանք ՀԱԿ-ի որոշումը: Ես պետք է արձանագրեմ, որ այդ որոշումը, ցավոք, մեր կուսակցության հետ բանակցություններ արդյունքում չի կայացվել»-հայտարարել է «Ժառանգության» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքրով, «Ժառանգությունն» առաջարկեց ՀԱԿ-ին մի ցուցակ, որը պետք է գլխավորեր երիտասարդ թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, «որին արդեն փորձառու քաղաքական գորիչներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրենց ուսերի վրա դեպի հաղթանակ տանեին»: Ըստ կուսակցության որոշման, ցուցակում երկրորդը պետք է լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ երրորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես նշել է Խուրշուդյանը, ընտրազանգվածում կա մի շերտ, որը թեեւ ընդդիմադիր հայացքներ ունի, սակայն չի ցանկանում քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: «Ժառանգության» որոշումը Արմեն Մարտիրոսյանին առաջադրելու մասին հիմնավորված էր նրանով, որ նա երիտասարդ կադր է, որը կկարողանար հավաքել այդ ընդդիմադիր, սակայն քաղաքականապես պասիվ զանգվածի ձայները: «Մենք կարծում ենք, որ հարցը ոչ թե նրանում է, թե ձայների քանի տոկոսը մենք կհավաքենք, կամ ով կընտրվի Երեւանի քաղաքապետ, այլ նրանում է, որ այս ընտրությունները քաղաքական երանգ ունեն, սա մայրաքաղաքում փոփոխություններ սկսելու շատ կարեւոր հիմք է: Մեզ համար կարեւոր է ընդդիմության հաղթանակը, «Ժառանգության» ցանկացած որոշում կծառայի ընդդիմության հաղթանակին»,-հայտարարել է նա: «Ժառանգությունը» վերջնական որոշում կկայացնի ուրբաթ օրը:

No comments: