Saturday, March 21, 2009

Արմեն Մովսիսյան. «Ցանկացած երկիր, այդ թվում Թուրքիան, կարող է մասնակցել ատոմակայանի կառուցմանը»

«Ազատություն» 20-3-2009- Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, թե նոր ատոմակայանը լինելու է բաց, թափանցիկ, միջազգային մրցույթների արդյունքում իրականացվող կառույց, եւ ցանկացած երկիր, այդ թվում նաեւ Թուրքիան, կարող է մասնակցություն ունենալ այդ կառույցին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Ոչ մեկը մեզ պաշտոնապես չի դիմել կոնկրետ Թուրքիայի այդ առաջարկը քննարկելու համար, բայց քննարկում եղել է, թե ինչպիսի կառույց է դա լինելու, ինչ թափանցիկության աստիճան է լինելու եւ ինչքանով է մատչելի լինելու աշխարհի բոլոր երկրների, մասնավոր մարդկանց համար», - մեկնաբանեց Մովսիսյանը: Անցած շաբաթ խորհրդարանական խմբակցությունների հետ փակ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել էր նաեւ հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը: Վարչապետի այս հայտարարությունը առաջացրել էր Դաշնակցության դժգոհությունը: Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը, մասնավորապես, կարծիք էր հայտնել, թե դա Հայաստանին ո'չ տեխնոլոգիապես է պետք, ո'չ քաղաքականապես, ո'չ էլ տնտեսապես: Այսօրվա զրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նաեւ անդրարձավ Թուրքիային էլեկտրաէներգիայի մատակարարման խնդրին: «Պայմանագիրը կնքվել է, պայմանագրի կետերին համապատասխան իրականացվում են աշխատանքներ` հնարավորինս շուտ էլեկտրաէներգիայի առաքումը սկսելու համար», - հայտարարեց նախարարը: «Նախատեսվում էր ապրիլ ամսվա մեջ ավարտել այդ աշխատանքները: Իհարկե վերջին ձյունը մի քիչ պրոբլեմներ կստեղծի տեխնիկական առումով, բայց, ամեն դեպքում, տեխնիկական խնդիրները լուծելուց հետո պայմանագիրը կսկսի աշխատել», - նշեց Մովսիսյանը: Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստան ներմուծվող գազի գնով պայմանավորված` Թուրքիա արտահանվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել: Հայկական կողմի հավաստիացմամբ, թուրքական UNITED եւ հայկական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունների միջեւ համապատասխան համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցի ժամանակ: Նշվում էր, որ մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը կազմելու էր կիլովատտի համար 5,7 ցենտ, իսկ ծավալը` տարեկան 1,5 մլրդ կիլովատտ/ժամ` հետագայում հասցնելով տարեկան 3,5 միլիարդի: Ավելի ուշ թուրքական կողմը հերքել էր նման համաձայնագրի գոյությունը: Ռուբեն Մելոյան

No comments: