Wednesday, March 18, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԳՐԱՎՈՒՄԸ

Չնայած երկրում գործող կալվածքների մասին նոր օրենքին
«ԱԶԳ» 17-3-2009- 2008-ի փետրվարի 20-ին Թուրքիայում ընդունվեց «Համայնքային կալվածքների մասին» նոր օրենք, որը նախագահ Աբդուլլահ Գյուլի նախորդըՙ Ահմեդ Նեջդեթ Սեզերը ենթարկել էր վետոյի: Այլ կերպ, Սեզերի վետոն պատճառ էր դարձել, որ ձգձգվի նախապես Թուրքիայի ազգային մեծ ժողովում հաստատված այդ օրենքի կիրառումը: Երկրում իշխանություն-ընդդիմություն լարվածության, ինչպես նաեւ նախագահ Սեզերի հետ վարչապետ Էրդողանի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հարաբերությունների սրման պատճառ դարձած այդ օրենքը, սակայն, չի արդարացրել Թուրքիայի ազգային փոքրամասնություններիՙ հայերի, հույների, հրեաների հույսերը: Մինչդեռ օրենքը վերանայվել էր կալվածքների նկատմամբ համայնքի իրավունքների վերականգնման առաջադրանքով: Չնայած նոր օրենքի ընդունմանը, Թուրքիայում շարունակվել է համայնքային կալվածքների եւ համայնքապատկան անշարժ գույքի յուրացումը: Այդ մասին, ինչպես մարտի 15-ի համարում նշում է «Բիրգյուն» թերթը, ահազանգել է Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամըՙ TESEV-ը, հրապարակելով «Թուրքիայում ոչ մահմեդականների համայնքային կալվածքների եւ անշարժ գույքի սեփականության խնդիրը» վերնագրով զեկուցագիրը: Դա գրի է առել իրավաբան Դիլեք Քուրբանն ու փաստաբան Քեզբան Հաթեմին: Նրանք հակիրճ շարադրել են համայնքային կալվածքների պատմությունը սկսած օսմանյան շրջանից, որի լույսի տակ որպես առկա խնդիրների կարգավորման միջոց տվել են Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների գործընթացում ընդունված օրենքի գնահատականը: Զեկուցագրի համաձայն, չնայած օրենքի գործունեությանը, 2008-ի նոյեմբերի տվյալներով, «Նյութական եւ բարեգործական արժեքը կորցնելու» պատճառաբանությամբ պետությունն առգրավվել է հրեական եւ հույն ուղղափառ համայնքին պատկանող 24-ական կալվածք: Ինչ վերաբերում է հայ համայնքին պատկանող կալվածքներին, ապա դրանցից էլ առգրավվել է ավելի քան 30-ը: Առգրավված կալվածքների ճակատագրին է արժանացել ասորական մեկ եկեղեցի եւ մեկ շինություն: Այդ ընթացքում պետականորեն առգրավված հայ, հույն, ասորի եւ կալդեացի համայնքներին պատկանող անշարժ գույքն անցել է հազարից: Զեկուցագրում TESEV-ը, ելնելով առգրավումների փաստից, «Համայնքային կալվածքների մասին» նոր օրենքը, նախկինի համեմատ, նահանջ է համարել, ընդգծել է կալվածքների առգրավման անհամատեղելիությունը Թուրքիայի ստորագրած միջազգային համաձայնագրերի հետ, հիշեցնելով այդ կալվածքները նախկին տերերին վերադարձնելու պարտավորությունները: Հիմք ընդունելով Թուրքիայի միջազգային պարտավորությունների հետ անհամատեղելի այս օրինախախտումները, TESEV-ը պահանջել է երկրում պահպանել արդարությունն ու իրավական պետության սկզբունքները, վերականգնել այն իրավունքները, որոնք ոչ մահմեդական քաղաքացիներին շնորհված է Լոզանի պայմանագրով, նախկին տերերին վերադարձնել առգրավված համայնքային կալվածքները եւ կրոնական գործերի վարչությունը դարձնել նախարարություն, որպեսզի կարգավորի պետության հարաբերություններն ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ կրոնական համայնքների հետՙ ալավիները ներառյալ: Զեկուցագրի համահեղինակ տկն Հաթեմին նշել է, որ համայնքային կալվածքների խնդիրն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքների, խղճի եւ դավանանքի ազատության հետ, ուստի դրա չկարգավորվածությունը ենթադրում է երկրում ժողովրդավարության բացակայությունը: Այնուհետեւ նա ասել է. «Անտեսելով ամեն մի օրենք եւ սկզբունք, երկրում առգրավվում են համայնքային կալվածքները: Սա այն դեպքում, երբ ի լուր աշխարհի հայտարարվում է, թե առկա խնդիրները կարգավորվում են ԵՄ-ի հետ օրենքների ներդաշնակության շրջանակներում: Իսլամական մշակութային արժեքներ պահպանվում են, իսկ ոչ մահմեդականներինըՙ դատապարտվում ոչնչացման»: «Յըլդըզի» տեխնիկական համալսարանի դասախոս Էլչին Մաջարը լրացրել է նրան, ասելով. «Համայնքային կալվածքների առգրավումն ազգային փոքրամասնություններից ձերբազատվելու արդյունավետ միջոց է դարձել թուրքական պետության համար»: Վերջում նա քննադատել է ոչ մահմեդական բնակչության նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: