Thursday, March 5, 2009

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ Է ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Ամերիկայի թուրքական կազմակերպությունները ցեղասպանության հարցում «բացատրական» աշխատանքներով աջակցում են «ԱԶԳ» 5-3-2009- Ամեն տարի, երբ մոտենում է ապրիլի 24-ը, նկատելի են դառնում իրարանցման դրսեւորումները Անկարայում: Դրանց հիմքում Հայոց ցեղասպանության նախաձեռնություններից բխող մտավախություններն են: Նախագահ Բարաք Օբամայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումը, նրաՙ անկեղծ քաղաքական գործչի համբավն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում ցեղասպանության բանաձեւի ընդգրկման, առավել եւս դրա հաստատման հավանականությունն էլ ավելի են խորացնում թուրքական մտավախությունները: Ստեղծված իրավիճակում թուրքական իշխանություններն ու նրանց ենթակա կազմակերպությունները համատեղ ջանքերով փորձում են կանխել ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները: Մարտի 3-ին «Զաման» թերթն այդ փորձերի մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին դիմելիս միաժամանակ կարծիք էր հայտնել, որ Անկարան թուրքական թեզը բացատրելու համար պատրաստվում է դեսանտ իջեցնել Վաշինգտոնում: Կարծիքի համար հիմք էր ծառայել Բաբաջանի Շարմ էլ Շեյխ մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում տված հարցազրույցը: Թուրքիայի արտգործնախարարը դեսանտի մասին «Զամանին» չէր մանրամասնել: Սակայն Շարմ էլ Շեյխում, ի պատասխան «Աքշամի» հարցերի, ասել է. «Արդեն ԱՄՆ է գործուղվել (արտգործնախարարության) աշխատանքային խումբը: Կմեկնի նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, որի անդամներն առանձին հանդիպումներ կունենան այնտեղ, հանդիպման օրերը հայտնի են: Դրանից բացի, պետքարտուղար Քլինթոնն է գալիս, նրան էլ կասենք: Հատուկ էի հրավիրել, իսկույն ընդունեց»: Ինչ վերաբերում է թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կազմակերպություններին, ապա դրանցից պետք է առանձնացնել Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան: Դեռեւս 1956-ին հիմնադրված այս կառույցը ներկայումս համակարգում է ԱՄՆ-ում գործող ավելի քան 40 թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական կազմակերպությունների գործունեությունը: Ֆեդերացիային աջակցում է 1991-ին Նյու Յորքում բացված Turkish Forum ինտերնետային համացանցը: Մարտի 3-ին կայքէջում Turkish Forum համացանցն անդրադարձել էր Ամերիկա-թուրք-հրեական հարաբերությունների խորհրդի (ստեղծվել է 2004-ի հուլիսի 6-ին) կազմակերպած ծրագիր-միջոցառմանը, որի շրջանակներում ամերիկացի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների հետ հանդիպել են Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի ղեկավարները, ի դեմս փոխնախագահ Թոմրիս Ազերիի, որը միաժամանակ Ամերիկայի ադրբեջանական միության նախագահն է նաեւ, Արտերկրում բնակվող քաղաքացիների խորհրդի անդամ Ալի Չինարը, Ադրբեջան-ԱՄՆ խորհրդի նախագահ Ջավիդ Հուսեյնովը եւ ադրբեջանցի պատգամավորներ Գանիրա Փաշաեւան ու Հավվա Մամմադովան: Վերջիններս սենատորներին եւ կոնգրեսականներին հրավիրել են Ադրբեջան, Թոմրիս Ազերին, ընդգծելով ծրագրին Ադրբեջանի ընդգրկման կարեւորությունը, ասել է, որ ստացել են այն, ինչ ուզում էին, իսկ Ալի Չինարը հանդիպումը համարել է շատ օգտակար, որովհետեւ հայամետ կոնգրեսական Գերի Էքերմանի հետ զրուցելու եւ նրան ցեղասպանության թուրքական թեզը ներկայացնելու առիթ է ունեցել: Չինարը նշել է նաեւ, որ ցեղասպանության բանաձեւին աջակցող կոնգրեսականները բացարձակ տեղյակ չեն օսմանյան պատմությանը, այդ իսկ պատճառով փակ աչքերով կողմ են քվեարկում հայկական բանաձեւին, ուստի կարեւոր է նրանց հետ դեմ առ դեմ հանդիպումն ու իրազեկումը: Նրան լրացրել է Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Նեւզաթ Փեքջանը, նշելով, որ Թուրքիան միշտ պատրաստ է պաշտպանելու ցեղասպանության իր թեզը, եւ ոչ ոք չի կարող փախչել ճշմարտությունից: Այլ կերպ, նշված միջոցառումով Ամերիկա-թուրք-հրեական հարաբերությունների խորհուրդը ACJTR-ը Հայոց ցեղասպանության հարցում լոբբիստական գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռել Ամերիկայի թուրքական միություններին, ինչպես նաեւ նպաստել է այդ միությունների հետ ադրբեջանական կազմակերպությունների համերաշխությանը: Այդ ընթացքում, ինչի մասին տեղեկացնում է «Ակտիվհաբեր» կայքէջը, մարտի 3-ին Ֆրեզնոյում, մասնակցելով ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համաժողովին, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ շուտով ինքն այլ կոնգրեսականների աջակցությամբ Ներկայացուցիչների պալատին կներկայացնի ցեղասպանության բանաձեւը, չնայած Թուրքիայի բուռն դիմադրությանը, իր համոզմամբ, Կոնգրեսը դա կընդունի, իսկ նախագահ Բարաք Օբաման կհաստատի: Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Շիֆն ավելացրել է. «Կոնգրեսի գրեթե բոլոր անդամները գիտակցում են, որ հայերի ցեղասպանությունը պատմական իրողություն է, դա հասկանում է Բարաք Օբաման, դրա համար էլ օգտագործել է «ցեղասպանություն» բառը»: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: