Thursday, March 5, 2009

«20-22 տոկոսով բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները»

«Ազատություն» 4-3-2009- ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված Երեւանի գրեթե բոլոր վաճառակետերում 20-22 տոկոսով թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները` ձեթը, շաքարավազը, կարագը եւ բրինձը: Մայրաքաղաքի խանութներից մեկի ղեկավարը, իր անունը չհրապարակելու պայմանով, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց, որ մատակարար ընկերությունները իրենց արդեն նոր գներով են ապրանք հատկացնում: «Զանգահարել ենք, որպեսզի ապրանք բերեն, արդեն ասել են, որ ապրանքի գինը 20 տոկոս բարձրացել է, եթե հարմար է` կարող ենք բերել: Տեղական արտադրանքի մեջ, օրինակ, այսօրվա դրությամբ արդեն երշիկեղենն է թանկացել», - նշեց խանութի ղեկավարը: «Երեկ խուճապը մեծ էր: Այսօր արդեն հանգստացել է, բայց նկատվում է` կա խուճապը, խոսակցություններ կան», - ասաց նա` նշելով, որ երեկ իրենց գնորդներից շատերը պարկերով շաքարավազ, 10-20 կիլոգրամով կարագ են խնդրել: «Այդքան ապրանք չունեինք, ճիշտն ասած, որ բոլորին բավարարեինք: Ապրանքը, որը ստացել էինք առաջվա գներով վաճառել ենք: Հետո ապրանք ստացանք, որը մի քիչ ավելի թանկ էր», - նշեց խանութի ղեկավարը: Երեկ օրվա երկրորդ կեսից փակ էին նաեւ մայրաքաղաքի մի շարք դեղատներ, որոնց աշխատակիցները նոր գնապիտակներ էին փակցնում դեղորայքի վրա: Դեղատներից մեկում ասացին հետեւյալը. - «Որոշ ֆիրմաներ դեղորայքի պատվերներ չեն վերցնում գների փոփոխության պատճառով»: Լուրեր են շրջանառվում, որ վաղվանից թանկանալու է նաեւ հացը: Հովհաննես Շողիկյան

No comments: