Thursday, March 19, 2009

Անկարան հանգստացնում է Բաքվին

/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Թուրք-հայկական սահմանի բացումը հարված չի հասցնի Բաքվի շահերին: Թուրքիան չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն Ադրբեջանի շահերին: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: «Հայտարարություններն այն մասին, որ սահմանի բացումը բացասապես կանդրադառնա ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա, ԶԼՄ քարոզարշավն են, որոնք ծառայում են որոշակի կազմակերպությունների եւ կառույցների շահերին: Թուրքիայի քաղաքականությունը Ադրբեջանի առնչությամբ մնում է նույնը»,- ասել է դեսպանը, հաղորդում է Trend News-ը: Նախօրեին Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ: «Չնայած, որ ներկայումս Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են ընթանում, դեռեւս վաղ է խոսել որեւէ որոշման ընդունման մասին»,- ասաց Կըլըչը: Վերջերս Sabah թուրքական թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու հարցում, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփման հրապարակումը, որի արդյունքը կդառնա հայ-թուրքական սահմանի բացումը»:

No comments: