Thursday, March 12, 2009

Հայաստանը սկսել է հետաքրքրել Արևելյան Ասիայի զբոսաշրջիկներին

HayInfo. 11-3-2009- Վերջին ժամանակներում Հայաստանը գրավիչ է դարձել Արևելյան Ասիայի զբոսաշրջիկների համար, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ «Վերջին շրջանում զբոսաշրջիկների ներհոսք է նկատվում աշխարհի հեռավոր երկրներից, մասնավորապես, Թայվանից, Թաիլանդից, Ճապոնիայից»,- ասաց Ապրեսյանը լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։ Միաժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից և Իրանից ժամանած զբոսաշրջիկները։ Ապրեսյանը կարծում է, որ զբոսաշրջիկներն ուղևորության համար այնպիսի երկիր են փնտրում, որտեղ «իրենց ընդունված են զգում»։ Ըստ նրա, Հայաստանը պատկանում է հենց այդպիսի երկրների շարքին, ինչով և գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Ապրեսյանը նշեց, որ Հայստանը գրավիչ է նաև նրանով, որ «այնտեղ ապրում է հրաշալի և հյուրընկալ, ինչպես նաև իր բնությամբ և պատմամշակութային ժառանգությամբ հարուստ մի ժողովուրդ»։ Ապրեսյանի կարծիքով, պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է։ Հայաստանը առաջին երկիրն է, որը 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։

No comments: