Saturday, March 14, 2009

ԱՄՆ-ը հավասարաչափ ռազմական օգնություն է տրամադրելու Հայաստանին եւ Ադրբեջանին

«Ազատություն» 13-3-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շաբաթասկզբին վավերացրել է 2009 թվականի ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, ըստ որի Հայաստանը կստանա 48 միլիոն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղը` 8 միլիոն: Այդ մասին տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա Լոուին եւ Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ պարոն Փաթրիք Լիհիին, ովքեր ըմբռնել են ամերիկահայերի մտահոգությունները եւ պնդել են ռազմական աջակցության հարցում հավասարության ապահովման կարեւորությունը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը, կրկնապատկել են Հայաստանի համար նախագահ Բուշի առաջարկած 24 միլիոն դոլարի գումարը»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ ավելացրել. - «Գալիք տարի մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցել Սպիտակ տան նոր վարչակազմի եւ Կոնգրեսում մեր բարեկամների հետ` վերականգնելու Հայաստանին հատկացվելիք օգնությունը, որը բավարար կլինի երկրի իրական կարիքները հոգալու եւ տարածաշրջանում առկա մարտահրավերները դիմագրավելու համար եւ կհամապատասխանի հայ - ամերիկյան զարգացող հարաբերությունների մակարդակին»: Հայ դատի գրասենյակը միաժամանակ նշում է, որ 48 միլիոն դոլարը թեպետ նախկին նախագահի օրոք առաջարկվածի կրկնապատիկն է, այնուամենայնիվ 10 միլիոնով քիչ է 2008-ի ֆինանսական տարում հատկացվածից եւ 22 միլիոնով քիչ է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջարկած 70 միլիոնից: Արտաքին հատկացումների ռազմական աջակցության առումով 2009-ի փաթեթում Հայաստանը եւ Ադրբեջանը կստանան հավասար գումար` 3-ական միլիոն դոլար: Միացյալ Նահանգներում 2009-ի ֆինանսական տարին մեկնարկել է 2008-ի հոկտեմբերի 1-ին: Արմեն Քոլոյան, Պրահա

No comments: