
"Ո՞վ է սպանել մեր տղային եւ ի՞նչ պայմաններում',-այս հարցերն այսօր մարտի 1-ին ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրին 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծնողները:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ Տիգրան Խաչատրյանը զոհվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի կիրառումից:Իսկ մինչ օրս թեեւ հայտնի է այդ միջոցը կիրառած ոստիկանների անունները, սակայն որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Ծնողների հարցերի պատասխանը բնականաբար հանձնաժողովականները չունեին: Ավելին, նրանց հույսն էլ հենց (գոնե Տիգրան Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու իմաստով) նրա ծնողների ունեցած ինֆորմացիան էր:
Ծնողները հանձնաժողովի համար որեւէ նորություն չհայտնեցին, միայն նշեցին, որ հակասություններ են նկատել մեղադրական եզրակացությունում արձանագրված ժամերի միջեւ եւ խնդրեցին հանձնաժողովի անդամներին պարզել հակասությունը: Նրանք տեղեկացրին նաեւ, որ Տիգրանի հետ մարտի 1-ին եղել է նաեւ նրա ընկերը:
Հանձնաժողովը որոշեց հրավիրել նրան եւ որոշ պարզաբանումներ ստանալ Տիգրան Խաչատրյանի ընկերոջից, որը նրա հետ գտնվել է Մյասնիկյանի արձանի մոտ, ինչպես նաեւ պարզաբանումներ պահանջել նախաքննական մարմնից` ժամային հակասությունների վերաբերյալ:Որոշվեց նաեւ պահանջել վարույթում գտնվող գործերը` իմանալու համար, թե յուրաքանչյուրի գործով ինչ քննչական գործողություններ են կատարվել:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստի ժամանակ Տիգրանի ծնողներին տեղեկացրեց, որ հանձնաժողովը երկար ժամանակ զբաղված է եղել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի վերաբերյալ տեխնիկական փորձաքննության հնարավոր ելքեր որոնելով, սակայն, ապարդյուն:
No comments:
Post a Comment