
Lragir 23-3-2009- "Թե ինչպես կզարգանա ճգնաժամը մեզանում` մեծապես կախված է նաեւ դրա հասարակական ընկալումից ու հանրային վարքագծից: Թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն մեր յուրաքանչյուր քաղաքացին ու մեր ողջ հասարակությունն իբրեւ ամբողջականություն, լրջորեն կպայմանավորի բացասական զարգացումները կանխելուն ուղղված քայլերի հաջողությունը: Հավատացնում եմ ձեզ, խնդիրը մեծապես մարդկային գիտակցության հարթությունում է, հանրային գիտակցության հարթությունում: Կուզեք տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսեք, միեւնույն է ոչինչ չի ստացվի, եթե հանրության մեջ տիրեն ապագայի հանդեպ անվստահությունն ու խուճապը":
Սա հատված է մարտի 20-ին կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից: Դժվար է չհամաձայնել այս մտքերին, առավել եւս նրան, որ ճգնաժամը միայն ֆինանսական կամ տնտեսական բնույթ չունի, եւ այն հաղթահարելու բանալին մարդկային գիտակցության մեջ է: Ավելին, կարելի է ողջունել Սերժ Սարգսյանին եւ նույնիսկ ակնկալել, որ Հայաստանի իշխանությունը, գիտակցելով խնդրի էությունը, ըստ այդմ համարժեք քայլեր կանի այդ ուղղությամբ:
Հենց այստեղ է ողջ խնդիրը` իրական քայլեր եւ դրանց հանդեպ հանրային վստահություն: 2008 թ. նախագահի ընտրությունից հետո անցած մեկ տարում իշխանության կատարած քայլերն, ըստ էության, չեն բարելավել իրավիճակն այս ոլորտում: Չլուծված են մնում մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները, հանրային ոլորտում բաց է մնում օրինականության, իրավունքների ու ազատությունների խնդիրը: Անցած մեկ տարում այս ոլորտին վերաբերող իշխանության օրենսդրական նախաձեռնությունները հանգել են ավելի շուտ խստացումների ու սահմանափակումների: Տնտեսության ոլորտում չեն հաղթահարվել հիմնական խնդիրները` մենաշնորհները, հավասար մրցակցային պայմանների ապահովումը եւ այլն: Այս պայմաններում դժվար է խոսել հանրային վստահության թեկուզ նվազագույն աստիճանի առկայության մասին:
Հասկանալի է, որ նման մասշտաբային խնդիրների լուծումը հնարավոր չէ կարճ ժամանակում, առավել եւս դրանց ավանդույթների բացակայության պայմաններում: Դրան ավելանում են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները, որոնք արմատապես փոխում են հարաբերությունների ու շահերի բնույթը: Այս պայմաններում իշխանությունից պահանջվում է համարժեքություն երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս տեղի ունեցող զարգացումներին, եւ առաջին հերթին` ներքին կյանքում կուտակված խնդիրների կարգավորում: Սակայն, հենց այս ասպարեզում չի երեւում, թե իշխանությունը մտադիր է արմատապես փոխել իրավիճակը, դրանով շահելով Սերժ Սարգսյանի նշած վստահությունն ու կանխելով բացասական զարգացումները:
Հեռու չգնալու համար նշենք թեկուզ Երեւանի քաղաքապետի ընտրության գործընթացը: Իշխող կուսակցության որոշումը` քաղաքապետի թեկնածու առաջադրել Գագիկ Բեգլարյանին, արդեն իսկ նախանշում է Հայաստանի իշխող վարչակարգի` երկրի զարգացման ուղղվածության փիլիսոփայությունը, պատկերացումները: Խնդիրն այստեղ ամենեւին էլ Գագիկ Բեգլարյանը չէ, ոչ էլ նրա կարողությունները, այլ հենց այդ փիլիսոփայությունը, որը որեւէ ընդհանրություն չունի երկրի իրական, ժամանակակից իրողություններին համահունչ զարգացման եւ միջազգային ներկա զարգացումների տրամաբանության հետ: Նման փիլիսոփայության պարագայում արդեն դժվար է խոսել թե հանրային վստահության, թե ընդհանրապես որեւէ խնդիր հաղթահարելու մասին:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
No comments:
Post a Comment