
«Առավոտ» 10-3-2009- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտնել է Ա. Բաբաջանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ, ես կոչ կանեի Բարաք Օբամային՝ զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է: «Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ»,- հայտարարել է Բաբաջանը:
Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին, Բաբաջանը նշել է. «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»: NTV-ին տված հարցազրույցում Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգտոնի գործակցությանը: «Նունիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության»,- հայտարարել է Ա. Բաբաջանը՝ ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները:
No comments:
Post a Comment