Saturday, March 28, 2009

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐՆ "ԱՐՁԱԿԵԼ ԳՈՏԻՆԵՐԸ"

Lragir. 27-3-2009- Վերջին շաբաթներին Երեւանում տարածվել է ղարաբաղյան թեմայով հերթական ծիծաղաշարժ բանավեճը: Ամենատարբեր, ոչինչ եւ ոչ ոքի չներկայացնող պատգամավորներն ու կուսակցական ֆունկցիոներները "իրենց պարտքն են համարում" արտահայտվել Մինսկի խմբում ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարությունների եւ մտքի գոհարների առիթով: Տեղ ունի ամերիկացու եւ ֆրանսիացու գնահատականների լեգիտիմացման փորձը, դրանով ապահովելու սեփական "լեգիտիմությունը", ինչը դատապարտված է, քանի որ ոչ մի հայ քաղաքական գործիչ չունի եւ չի կարող ունենալ լեգիտիմություն: Ակտուալ գործիչներից միայն մեկը գտնվեց, համարձակ ղարաբաղցի կինը` Լարիսա Ալավերդյանը, ով ամեն ինչ տեղը դրեց այդ անհեթեթ բանավեճում, այն էլ երեւի իր անձնական կարծիքն էր, ոչ թե իր Ժառանգություն կուսակցության: Հայ քաղաքական գործիչների ոչ հին, ոչ նոր սերունդն այդպես էլ որեւէ հետեւություններ չարեցին իրենց տխուր փորձից եւ շարունակում են, ինչպես թութակներ, ղարաբաղյան թեմայի առիթով կրկնել ինչ որ փոխզիջումների մասին, որը ոչ մի կերպ իրենց չի վերաբերում, չհասկանալով, որ իրենք երբեք, ոչ մի կերպ չեն կարող որոշում կայացնել այդ առիթով: Ըստ էության, ամենաշատը, որ նրանց կհաջողվի` հանդես գալ որպես թերուս փորձագետներ գավառական առանձնահատկություններով: Նշելով այդ բանավեճի մասին, անհրաժեշտ է ասել, որ ժամանակն է կարգի հրավիրել պացիֆիզմի այդ մասնագետներին եւ ցույց տալ նրանց իրենց իսկական տեղը: Դա կարվի, թող չկասկածեն: Տվյալ դեպքում, խնդիրը նրանց մեջ չէ, այլ այն բանում, թե ինչու հանկարծ Մինսկի խմբում ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներն այդքան եռանդով, եւ գրեթե վստահ, սկսեցին խոսել մեր հայրենիքի մի մասը, այսինքն հարթավայրային Ղարաբաղը հանձնելու մասին, եւ ընդհանրապես հայ ժողովրդի բնակության վայրերից Ղարաբաղը ջնջելու: Կասկած չկա, թե ինչու է դա տեղի ունենում ներկայում, եւ թե ինչու է Ռուսաստանը փորձում մի կողմ քաշվել: 2008 թ. աշնանը ոչ հասուն, վատ տեղեկացված մոսկովյան գործիչները, որոնք ընդունակ են լավ նավթ ու գազ վաճառել, բայց ոչ քաղաքականությամբ զբաղվել, փորձ արեցին առաջ մղել իրենց նախագիծը եւ հանձնել Ղարաբաղը: Չնայած Ռուսաստանի այն կառույցների բացասական գնահատականներին, որոնք կոչված են տալ այդ գնահատականները, այսինքն ուժային եւ հետախուզական-վերլուծական հանրությունը, այդ գազանավթայինները շարունակում էին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա այս հարցում: Հայկական ղեկավարությունն այդ խաղում չկարողացավ նույնիսկ թաքնվել ղարաբաղյան կարծիքի հետեւում, քանի որ իր ողջ կեցվածքով Ռուսաստանին ու ողջ աշխարհին ապացուցել էր, որ այդպիսի կարծիք գոյություն չունի: Սակայն, այնուամենայնիվ, այդպիսի կարծիք կա, ինչն էլ հասցվեց մոսկովյան ղեկավարության գիտությանը: Կարելի է հավատալ, որ ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում ոչ ոք չի մտածել, որ կարող է նման իրավիճակ առաջանալ, այն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Թեման, որ նախկինում հայտարարվել էր "չքննարկվող", բառացիորեն դարձել է սպառնալիք երեւանյան եւ ղարաբաղյան ղեկավարության անձնական գոյությանը: Խորհելու բան կար: Սակայն "ռուսական նախագիծը" հաջողությամբ տապալվեց, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի նախագահը ոչ ասաց: Ամերիկացիները ռուսներին հասկացրին, որ այդ հարցում չի կարող լինել մարգինալ եւ ռեգիոնալ լուծում, իսկ Մինսկի խումբը մնում է ակտուալ, որպես աշխարհքաղաքական ակումբ: Դրանով հանդերձ, այդ աշնանը կասկած առաջացավ, որ շուտով, "ռուսական նախագծի" տապալումից հետո հնարավոր է ԱՄՆ եւ Ֆրանսիայի ճնշումը Հայաստանի վրա, ընդ որում, արդեն ռուսական քաղաքական տրամաբանությամբ: Այդպես էլ տեղի է ունենում: Երկու արեւմտյան տերությունները փորձում են Հայաստանին ստիպել գնալ ահավոր զիջումների, դրանով սեփական խաղն իրականացնելով ռեգիոնում, իսկ Ռուսաստանը ներկայում սպասում է, հուսալով, որ Հայաստանը կհայտնվի ավելի բարդ վիճակում: Ահա եւ իրավիճակի ծավալման ողջ տրամաբանությունը: Սակայն ինչը հանգեցրեց երկիրը նման իրավիճակին: Իհարկե, հայկական ղեկավարության անվերջանալի հայտարարությունները, ակնարկներն ու ազդակները` այդ փոխզիջումների պատրաստակամության մասին: Հարց է առաջանում` ով մեր երկրում պատրաստ չէ փոխզիջումների: Այսինքն` ընդունելու համապատասխան խորեոգրաֆիկ դիրք: Քաղաքական գործիչը, որից մեր քաղաքական ղեկավարությունը սովորելու բան ունի, Բենիամին Նաթանյահուն, 10 տարի առաջ ասել է. "Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ չի կարելի ցուցադրել սեփական թուլությունը, եթե նույնիսկ մենք թույլ ենք, այդ ժամանակ էլ չի կարելի ասել, որ թույլ ենք, եւ եթե նույնիսկ մենք շատ ուժեղ ենք, այդ ժամանակ էլ չի կարելի ցուցադրել մեր թուլությունը": Աշխարհում քիչ չէ իռացիոնալը եւ էմոցիոնալը, շատ է քարոզչությունը եւ շինծուությունը, իրական քաղաքականությունը շատ հաճախ արվում է վիրտուալ ոլորտում: Պետք է հիշել, որ գործիչների հիմարության եւ սրիկայության, փոխզիջումների մասին այդ անվերջանալի հայտարարությունների համար պատասխան են տալու առաջին գծում գտնվող մեր տղաները, եւ ոչ թե խնամված եղունգներով ու պուդրայած քթերով "տղաները": Պետք է ասել հետեւյալը` Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, ընդ որում` երեք ճամբարների միջեւ: Ձեր ձեւով չի ,ինելու, լինելու է մեր ձեւով, այդպես է եղել միշտ, ձեզ միայն թվում էր, թե դուք եք երկրի տերը: Դուք միայն պահակներ եք, որոնց տրված է հսկել հնոտիքը: Կճեղքենք, տղերք, դրանք կանեն այն, ինչ պետք է, ինչպես խամաճիկներ: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: