«Ազատություն» 10-3-2009- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով ժամանել է Թեհրան` նախագահելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առանձնազրույցի ընթացքում Ալիեւն ու Ահմադինեժադը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական բնագավառներում իրանա-ադրբեջանական համագործակցության հարցերը:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնադրել են Թուրքիան, Իրանը եւ Պակիստանը: Կազմակերպությունը կոչված է խթանել անդամ երկրների տնտեսական, տեխնիկական եւ մշակութային համագործակցությունը: Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները կազմակերպությանն անդամակցել են 1993 թվականին: Ներկայումս անդամ երկրների թվում են նաեւ Աֆղանստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը:
Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հասան Քաշքավին ասել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության` այսօր գումարվող գագաթնաժողովը խիստ ներկայացուցչական է. մասնակցում են նախագահները եւ վարչապետները, եւ միայն Ղրղըզստանն է ներկայացված փոխվարչապետի մակարդակով:
Հատուկ հրավիրյալների կարգավիճակով Թեհրան են ժամանել նաեւ Քաթարի էմիրն ու Իրաքի վարչապետը: Հավաքին ներկա են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակը եւ ֆինանսական միջազգային հաստատությունների պաշտոնյաները:
Գագաթնաժողովի օրակարգում հիմնականում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի թեման է: Տնտեսական համագործակցության կազմակերպության` հերթագայության կարգով իրականացվող նախագահությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղը փոխանցելու է իր իրանցի պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադին:
Արմեն Քոլոյան, Պրահա
Wednesday, March 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment