Wednesday, April 8, 2009

ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ, ԻՍԿ ՀՈՐՆ ՈՒ ԵՂԲՈՐԸ` ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

«ԱԶԳ» 08-04-2009- Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հռչակագիրը վավերացվել է տարիներ առաջ, սակայն այդպես էլ ցայսօր չի կիրառվում, մինչդեռ երբ հարմար է, թեկուզ դատական ատյաններում, հայտարարվում է, թե Վրաստանում օրենքի գերակայություն է: «Նշանակություն չունի, թե ինչ կազմակերպություն, կուսակցություն է ներկայացնում որեւէ մեկը: Եթե նա խախտում է կատարել, ուրեմն պիտի պատժվի», երեկ ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդներից Վահագն Չախալյանի դատավարության վերջին ակտին այսպիսի հայտարարություն արեց վրացի դատախազ Իրակլի Բարձիմաձեն, ակամա հիշեցնելով «Կովկասի գերուհին» ֆիլմից մի արտահայտություն. «Կեցցե աշխարհի ամենաարդարադատ դատարանը»: Վահագն Չախալյանի, նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ եղբոր` Արմենի դատավարությունը երեկ Ախալցխայում շարունակվեց դատական վիճաբանությունների փուլով: Դատախազի խոսքին հետեւեց Չախալյանների պաշտպան Ստեփան Ոսկանյանի ռեպլիկն առ այն, որ Չախալյանների ընտանիքի, նրանց ազգականների նկատմամբ քրեական գործերը հարուցվեցին, սկզբնական «մեղադրանքներին» ավելացվեցին ձերբակալություններից մի քանի տարի առաջ տեղի ունեցած դեպքերին առնչվող «մեղադրանքներ»: Ու մինչ վերջին խոսքի ու նախորդ օրը չասված պաշտպանական ճառի իրավունքը կփորձեր իրացնել Վահագն Չախալյանը, դատավոր Ցիրա Մայսուրաձեն նախ խոչընդոտում էր, հետո էլ սկսեց գոռգոռալ: Ինչեւէ, Վահագն Չախալյանը նախ հայտարարեց, որ ոչ մի հարցում իրեն մեղավոր չի ճանաչում: «Մասնակցել ենք հանրահավաքների, հնչեցրել ենք պահանջներ, որ օրակարգային են եղել ջավախահայության համար», իր ելույթում նշեց Չախալյանը, ավելացնելով, որ իրեն եւ իր կազմակերպությանն ու ակտիվիստներին վերագրվող զանգվածային անկարգությունները օգուտ չէին կարող տալ իրենց, այլ վնասում էին իրենց նպատակներին ու պայքարին: Վահագն Չախալյանը վրացական իշխանություններին մեղադրեց ջավախահայությանը երկրի համար վտանգավոր տարր ներկայացնելու քարոզչության ու քաղաքականության մեջ: Չախալյանը, իր ընտանիքի հանդեպ դատավարությունը խայտառակ որակեց` բազմաթիվ խախտումներով, բացառապես ուժային կառույցների աշխատակիցների ցուցմունքներով: «Վրացական իշխանություններն արեցին ամեն ինչ, որ իմ հայրը, կրտսեր եղբայրն ու ես հնարավորություն չունենանք լիարժեք պաշտպանվելու, դատավարությունը տեղափոխվեց Ախալքալաքից Ախալցխա, չորս ու կես ամիս անօրինական կալանքի տակ պահվեց անչափահաս եղբայրս` ինձ վրա ճնշում գործադրելու համար»: Ամբաստանյալի խոսքերով, այդպես էլ գործի քննության ընթացքում չփորձաքննվեցին Չախալյանների տնից իբր հայտնաբերված զենքերը, գործին չկցվեց ու չցուցադրվեց նրանց ձերբակալության տեսագրությունը, ահաբեկվեցին Չախալյանների օգտին վկայություններ ունեցողները, անօրինաբար թույլ չտրվեց ֆրանսիացի փաստաբանին միանալու գործի քննությանը: Բացի այդ, նախաքննության ընթացքում Չախալյանը չի տեսակցել հարազատներին, նրանք անտեղյակ են մնացել Վահագնի վիճակից: Ապա Վահագնը զրկվել է որեւէ կարգի տեղեկատվության աղբյուրից, անուշադրության են մատնվել նրա տասնօրյա հացադուլի պահանջները, բժիշկ չի կանչվել: «Հնարավորինս ձգձգվել է դատավարությունը, անգամ ծիծաղելի` ինձ Թբիլիսիից Ախալցխա բերելու համար բենզին չլինելու պատճառով», նշեց դատարանում Չախալյանը, ավելացնելով, որ երկու ամիս էլ գործի քննությունը ձգձգվել է Բորժոմից Ախալցխա «նոր մի հնարովի մեղադրանքի» առնչությամբ փաստաթղթերը բերելու համար: «Այս խայտառակ դատավարության նպատակը ջավախահայությանը վախեցնելն է, որ չբարձրացվեն խնդիրները, չարվեն հանրահավաքներ: Եթե վրաց իշխանությունները մտածում են ջավախահայությանը արտագաղթ դատապարտելով հասնել այդ նպատակին, սխալվում են», եզրակացրեց Չախալյանը, այդուհետեւ շարադրելով իր պահանջները: Մասնավորապես, որ անմեղ ճանաչվեն ինքը, հայրն ու եղբայրը, դադարեցվեն ակտիվիստների նկատմամբ հալածանքները, կասեցվեն բոլոր քրեական գործերը, վերադարձվի բռնագրավված գույքը եւ փոխհատուցվի անօրինականությամբ պատճառված վնասը: Չախալյանը դատարանից պահանջեց նաեւ, որ անցկացվի իր ձերբակալությանը նախորդած իրադարձությունների, հատկապես ազգությամբ հայ երկու ոստիկանների սպանությունների անաչառ քննություն, պատժվեն մեղավորները: Իր խոսքը Վահագն Չախալյանը եզրափակեց հավաստմամբ. «Անկախ ինձ դատապարտելուց, ջավախահայությունը շարունակելու է իր քաղաքակիրթ պայքարը, նույնպես եւ ես»: Նախորդ օրը վրացի դատախազը Իրակլի Բարձիմաձեն տասնչորս տարի ազատազրկում ու տասնութ հազար լարի (մոտ տասնմեկ հազար դոլար) տուգանք էր պահանջել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ներկայացված մեղադրանքներով: Չախալյանի հոր համար դատախազը պահանջել էր չորս տարի ազատազրկում եւ վեց հազար լարի տուգանք, իսկ Վահագնի եղբոր` Արմենի համար` երեք հազար լարի տուգանք: Ինչեւէ, երեք ժամ ու կես տեւած խորհրդակցությունից հետո Ախալցխայի դատարանը դատավոր Ցիրա Մայսուրաձեի նախագահությամբ որոշեց Վահագն Չախալյանին դատապարտել տասը տարվա ազատազրկման` առանց տուգանքի, հորը` Ռուբեն Չախալյանին` հինգ հազար լարի տուգանքի, Վահագնի կրտսեր եղբորը` Արմենին, երկու հազար: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալցխա

No comments: