
/PanARMENIAN.Net/ 20.04.2009 - Որպես սահմանի վերաբացման հնարավոր ժամկետ է դիտարկվում այս տարվա հոկտեմբերը, երբ Հայաստանի նախագահը պատասխան այցով մեկնի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
«Թուրքիան լրջորեն ներքաշված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ եւ իրապես մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հարաբերությունների կարգավորման հարցում: Չմոռանանք, որ այս գործընթացը երեկ չի մեկնարկել: Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցություններն արդեն երկար տարիներ է, ինչ ընթանում են տարբեր ձեւաչափերով, հատկապես` գաղտնի ձեւաչափով Շվեյցարիայում»,-ասել է Ֆրեյզերը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը` Ս.Ֆրեյզերը նշել է, որ եթե Օբաման ապրիլի 24-ին արտաբերի «ցեղասպանություն» բառը, դա «կարող է բացասաբար անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքի վրա»:
«Մենք չենք կարծում, որ տարբեր երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ է: Թուրքիայի իշխանությունները եւ հասարակական կարծիքը ի զորու են համապատասխան եզրակացություն անել: Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի իշխանությունների կողմից Թուրքիայի պատմությունը մեկնաբանելու կարիքը չկա: Այս պահին ցանկացած բանաձեւերի ընդունումը միայն բացասական արդյունք կունենա, քանի որ դրանից կուժեղանան Թուրքիայում ազգայնականների դիրքերը, որոնք, իհարկե, կտրականապես դեմ են ցեղասպանության ցանկացած ճանաչմանը, - ասել է Ֆրեյզերը:
No comments:
Post a Comment