
Ապրիլի 20-ին Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով 9-րդ դատալսումը։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս անգամ ևս մարդու իրավունքների մի շարք պաշտպաններ հավաքվել են դատարանի շենքի մոտ Բեշիկթաշ թաղամասում։ Ակտիվիստներն արդարություն էին պահանջում դատարանից։ Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով 9-րդ դատալսումը տևել է 2,5 ժամ։
Դատական նիստի մեկնարկին պաշտպանները պահանջել են, որպեսզի մի շարք բարձրաստիճան ոստիկաններ և իրավապահներ ներկայանան դատարան որպես վկա, սակայն դատարանը մերժել է պաշտպանների պահանջը՝ ելնելով այն հիմքերից, որ «նրանք որևիցե նոր բան չեն հաղորդի դատարանին»։
Ներկա պահին բարձրաստիճան որևիցե անձ կամ ոստիկան որպես կասկածյալ ներկայացված չէ տվյալ դատական գործում։ Սակայն աղմկահարույց սպանությունն էլ ավելի քաոսային իրավիճակ կարող է ստեղծել, եթե Հրանտ Դինքի սպանության և «Էրգենեկոնի» գործով հետաքննության միջև որևիցե կապ հայտաբերվի։
Նշենք, որ չնայած Հրանտ Դինքի ընտանիքի անդամների պնդումների, դատարանը շարունակում է զերծ մնալ հիմնական սպանության դատալսումը Տրապիզոնի դատական գործի հետ կապելուց։ Հիշեցնենք, որ Տրապիզոնում դատական գործով անյցնում են ոստիկաններ և իրավապահներ, ովքեր մեղադրվում են իրենց պարտականությունն անտեսելու մեջ։ Ըստ վարկածներից մեկի՝ նրանք նախքան սպանությունն են իմացել սպասվող ոճրագործության մասին։
Ինչպես հայտնում են մի շարք թուրքական լրատվամիջոցներ, դատարանի կողմից բազմաթիվ մերժումներ ստանալու արդյունքում Դինքի ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Նշենք, որ նրանք ներկայացրել են արդեն երկրորդ հայցը, քանի որ դատարանը հրաժարվել է որպես վկա կանչել ոստիկանապետ Սերահին և նրա ենթակայության տակ գտնվող սպաներին։ Հրանտ Դինքի սպանության գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամաստը, ով երկու նախավերջին դատալսումներին չի ներկայացել առողջական պատճառներով, երկուշաբթի ներկա է եղել դատալսումներին։
9-րդ դատալսման ընթացքում, ելնելով հինգ վկաների վկայություններից, Սամաստին հարցաքննել են պաշտպանները։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցերին։ Պաշտպանի այն հարցին, թե «ինչպե՞ս է նա գտել «Ագոսի» գրասենյակն առաջին անգամ և ո՞վ է նրան ուղեկցել այնտեղ»՝ Սամաստը պատասխանել է. «Ես հիշում էի հասցեն։ Մարդկանց հարցրեցի։ Եթե ինձ հետ ինչ-որ մեկը եղել է, ապացուցեք։ Ես ավելի քան համոզված եմ՝ ինձ հետ ոչ մեկ չի եղել»։
Հարկ է նշել, որ Սամաստն առաջին անգամ էր տվյալ վայրում և, կան ենթարդություններ, որ նա ինքնուրյուն չէր կարող գտնել խմբագրության տեղը։ Սամաստը հրաժարվել է պատասխանել այլ հարցերին՝ նշելով, որ «արդեն ամեն ինչ ասել է, որ նա գործել է՝ վախենալով Յասին Հայալից, ում մասին շատ է լսել»։
Սամաստը հավելել է, որ Հայալի նախկին իրավաբան Ֆուաթ Թուրգուտը, ով այժմ «Էրգենեկոնի» գործով կասկածյալների թվում է, այցելել է իր ընտանիքին։ «Հինգ ամիս առաջ նա գնացել է իմ հորական տուն։ Իմ ընտանիքն ինձ չի պատմում, թե նա ինչ է ասել, որպեսզի ես անկոտրում մնամ»,- հավելել է սպանության գլխավոր մեղադրյալը։
No comments:
Post a Comment