Thursday, April 23, 2009

ԳՈՒՑԵ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԹԻԿՆԱՊԱՀ ՄԱՏԱԿԱՐԱՐԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻՔԻՆ

Lragir 22-4-2009- Բրիտանիայում բավական աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառը Մեծ Բրիտանիայի Ելիզավետ Երկրորդ թագուհու թիկնազորի ներկայացուցիչների վարքն է: Բրիտանական Daily Telegraph թերթը գրում է, որ թագուհու անվտանգության ծառայության աշխատակիցները Բուկինգեմյան պալատում գինարբուքներ են կազմակերպել, որոնց ընթացքում լուսանկարվել են գահի վրա, իսկ հետո քնել են թագավորական ննջարաններում: Աղմկոտ փաստերը ի հայտ են եկել թիկնապահներից մեկի` Պոլ Փեյջի դատավարության ընթացքում, որին մեղադրում են խաբեության համար: Ինչպես պատմել են ատենակալներին, թագուհու թիկնազորի աշխատակիցները բուկինգեմյան պալատի տարածքում իրականացրել են թմրանյութի եւ պոռնոգրաֆիայի առեւտուր: Բացի այդ, առանձին վճարի դիմաց նրանք պալատական ընդունելություններին մասնակցելու հնարավորություն են տվել անծանոթ մարդկանց, իսկ իրենց ծանոթներին թույլ են տվել պալատի տարածքը ծառայեցնել ավտոկանգառի նպատակով: Դատարանի կարծիքով, ոստիկաններն իրենց վարքով անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել թագուհու հանդեպ, ինչպես նաեւ նրա կյանքը ենթարկել են վտանգի: Ոստիկանները սակայն հերքում են իրենց ներկայացված մեղադրանքի մեծ մասը: Սերժանտ Ադամ Մակգրեգորը օրինակ հայտարարել է, որ թագավորական գահին նստել է ոչ թե մոնարխների հանդեպ հարգանքի բացակայությունից, այլ “թոռներին պատելու համար”: Բացի այդ, նա պնդում է, որ չի դրել իր գլխին թագավորական թագը: Սերժանտը սակայն ընդունել է, որ քնել է հերթապահության ժամանակ, սակայն ոչ թե թագավորական ննջարանում, այլ ծառայական բաժանմունքում:

No comments: