Friday, April 24, 2009

Սահմանի բացումը ինքնասպանություն է

Հայ-թուրքական սահմանի բացումը ինքնասպանության նման մի բան է,- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նա անմիջապես իր գերդաստանի վրա է զգացել թուրքական քաղաքականության ազդեցությունը: "Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պապս թուրքական բանակի գլխավոր բժիշկն էր: Այսինքն, բավականին առանցքային, բարձր պաշտոնյա էր Թուրքիայում, ուներ իր ծառաները' բազմաթիվ թուրքեր: Բայց երբ թուրքերը հասկացել են, որ պապս աշխատում է իրենց դեմ, սկսել են կոտորել ամբողջ գերդաստանին",-պատմում է Կարեն Աղամյանը, ու ավելացնում, որ ամեն անգամ , երբ պապը հիշում ու պատմում էր, թե ինչպես էին կոտորում հայերին, արցունքները չէր կարողանում զսպել: 2 հատոր ձեռագիր հիշողություններ է գրել Աղամյանի պապը' Հակոբ Փափազյանը, եւ դրանք Նկարիչների միության նախագահը փորձելու է հրատարակել: Ի դեպ, այս տարի նաեւ թուրքահայ մամուլում գրել է նրա մասին. "Մինչեւ հիմա հիշում են պապիս' Հակոբ Փափազյանին, այդ տարիներին նա բազմաթիվ հայերի է կարողացել փրկել, բայց ի վերջո զոհվել է ամբողջ իր տոհմը, փրկվել է միայն ինքը եւ տատիկիս հետ փախել մինչեւ Հունաստան: Հետո առաջին ներգաղթողներից մեկը պապիկս էր եւ հենց նա էլ կազմակերպել էր եւ մի նավով բազմաթիվ հայերի Սալոնիկից տեղափոխել դեպի Բաթում, ապա Հայաստան եւ մնացել Հայաստանում",-պատմում է Կարեն Աղամյանը: Նա այսօր սարսափելի բացասական է համարում սահմանի հնարավոր բացմանը. "Տարօրինակ է, որ մեզ հարցնում են կարծիք, եւ ուզում են' ասենք, թե կողմ ենք սահմանի բացմանը: Թուրքերը շատ վտանգավոր խաղ են խաղում, ուզում են, որ մենք խնդրենք, որ սահմանը բացվի. պետք է շատ զգույշ լինել": Կարեն Աղամյանը նաեւ նկատում է, որ այսօրվա սերունդը պատմությանը լավ տեղյակ չի. "Դժբախտաբար, մեր երիտասարդությունը չգիտի մեր պատմությունը: Զարմանալի է, որ անկախության շրջանում հեղինակված դասագրքերում ճշմարտությունը չի ներկայացվում, այն ճշմարտությունը, որ պետք է իմանա մեր երիտասարդությունը": Իսկ արդյոք ճիշտ է անում ՀՀ իշխանությունը, որ միանձնյա, առանց խորհրդակցելու հասարակական կառույցների, կուսակցությունների հետ, հայ-թուրքական հարաբերությունների որոշումներ է կայացնում, Կարեն Աղամյանն ասաց. "Ես այն կարծիքին չեմ, որ ամբողջ ժողովրդով կարող ենք լուծել այսպիսի բարդ հարց, դրա համար ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն էլ լուծի նման խնդիրները",-ասաց Կարեն Աղամյանը: Հ/Գ."Ա1+"-ը Կարեն Աղամյանի հետ զրուցել էր մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Շվեյցարիայում ստորագրված հայտարարությունը:

No comments: