
Lragir 15-4-2009- Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) վերջին զեկույցի “ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները մեկ տասնամյակի ընթացքում հիմք դրեցին այժմյան ինտենսիվ միջկառավարական պաշտոնական հարաբերությունների ստեղծմանը: Երկու կողմերն այժմ մոտ են փաթեթային համաձայնության, որը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, կբացի սահմանը եւ կստեղծի երկկողմանի հանձնաժողովներ, որոնք ուղղված կլինեն մի շարք խնդիրների քննարկմանը”:
“Այս հանձնաժողովների շարքում կլինի այն մեկը, որը կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր պատմական դիտանկյունը, եւ այն կաշխատի հայերի նկատմամբ Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած բռնի տեղահանման եւ սպանդի, որն առավել լայնորեն ճանաչված է որպես Հայոց ցեղասպանություն, վերաբերյալ ըմբռնման ընդլայնման ուղղությամբ: Թուրքիան առարկում է ցեղասպանություն տերմինը` վիճարկելով դրա օրինական կիրառելիությունը եւ ընդգծում է իրեն արդարացնող այն հանգամանքը, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր երեք ճակատներում: Սակայն շատ թուրքեր, ինչպես նաեւ պաշտոնյաներ, այժմ հրապարակավ արտահայտում են իրենց զղջումը հայերի կյանքի ողբերգական եւ մեծաքանակ կորստի նկատմամբ”, ասվում է ՄՃԽ հաղորդագրության մեջ:
“Թուրքերը եւ հայերը պատմության նկատմամբ երբեմնի չզիջող տեսանկյուններն էականորեն համամիտում են` ցույց տալով, որ խորը վերքերը կարող են բուժվել: Այս պատասխանատու ժամանակահատվածում երրորդ կողմերին քաղաքականացված բանավեճերում հարկավոր է զերծ մնալ ցեղասպանության ճանաչման կամ դրա ժխտման վերաբերյալ, որը կարող է բռնկել երկու կողմերի տեսանկյունները”, ասում է Ճգնաժամային խմբի Թուրքիայի եւ Կիպրոսի ծրագրերի ղեկավար Հյու Փոփը:
“Որպես առանձին, սակայն հարակից հարց, պետք է հավելել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փակուղում գտնվող Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դեռեւս սպառնում է խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնեցման փաթեթի վերջնական համաձայնության գալը: Ադրբեջանը դեմ է սահմանի ցանկացած բացման տարբերակին, մինչ Հայաստանը դուրս կգա իր կողմից օկուպացված տարածքներից: Սակայն Թուրքիան չպետք է կորցնի իր` առաջ ընթանալու հնարավորությունը, եւ պետք է համոզի իր դաշնակցին, թե մեղմացումը, որը թույլ կտա Հայաստանին առավել ապահով զգալ, կարգավորման գործընթացին կտա ավելին, քան 15 տարի շարունակվող փակուղին: Որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարատեւ նորմալացումը լինի կայուն, Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, վերջնականորեն պետք է որդեգրի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքները, եւ Հայաստանը պետք է դուրս գա իր կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից”, ասվում է զեկույցի մեջ:
“Թուրքիան եւ Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնությունը, եւ այսպիսով, ստեղծեն Հարավային Կովկասում խաղաղությանն եւ համագործակցությանն ուղղված նոր խթան”, ասում է Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբին Ֆրայզերը:“Նրանք չպետք է սպասեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխարենը դրսի ուժերը, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ այլոք պետք է օգտագործեն իրենց հազվադեպ համընկնող ընդհանուր շահերը, որպեսզի առաջ տանեն թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի գործընթացը”, եզրահանգում է զեկույցը:
No comments:
Post a Comment